Հոկտեմբերի 21-ին Երևանը կմիանա համապետական շաբաթօրյակին

Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, հաշվի առնելով ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առաջիկա շաբաթ օրը համապետական շաբաթօրյակ անցկացնելու առաջարկը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության կառույցներին հանձնարարել է հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում կազմակերպել և անցկացնել համաքաղաքային շաբաթօրյակ:

Միաժամանակ, շաբաթօրյակի կազմակերպման պատասխանատուներին հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին` ներգրավելով նաև շահագրգիռ կառույցներին և մասնավոր հատվածին:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև «Սանիթեք» ընկերությանը, օպերատիվ շտաբին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է աշխատանքներ կազմակերպել մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ:
Միաժամանակ, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը զեկուցել է, որ քաղաքապետարանի կողմից իրականացվող «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում նախորդ շաբաթ սոցցանցերով գրանցվել է շուրջ 100 հասցե, որոնք փոխանցվել են օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը:

Ոլորտի պատասխանատուներին հանձնարարվել է նաև խիստ հսկողություն սահմանել շաբաթօրյակի ընթացքում կուտակված տերևները համապատասխան վայր տեղափոխելու և դրանց այրումը բացառելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարան

loading