Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրքի հեղինակը 31 տարեկանում է իմացել, որ որդեգրված է

Հասարակություն
girq2

Գրողների միության շենքում՝ «Բոհեմ» թատրոնում, տեղի ունեցավ բանաստեղծ Պետրոս Հոկտանյանի՝ «Մեզանից հետո» գրքի շնորհանդեսը։ Այն հեղինակի 2-րդ գիրքն է: Թե ինչու «Մեզանից հետո», հեղինակի խոսքով, թողել են ընթերցողի դատին՝ յուրաքանչյուրը կարող է այն յուրովի մեկնաբանել: «Մեզանից հետո մենք պարտավոր ենք ինչ-որ մի բան թողնել: Գիրքը բարեգործական նպատակներով է թողարկված՝ գրքից ստացված ողջ հասույթը նվիրաբերվելու է մանկատան երեխաների բարօրությանն ու նրանց կարիքները հոգալուն: Կոնկրետ մանկատուն չենք ընտրել, այլ կոնկրետ երեխայի կարիքները հոգալուն են ուղղվելու մեր միջոցները: Մենք այցելում ենք մանկատներ, պարզում՝ որ երեխան ինչ խնդիր ունի ու փորձում լուծել: Այսինքն, անհատական մոտեցում ենք ցուցաբերում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Պետրոս Հոկտանյանը: girq Թե ինչու նա որոշեց զբաղվել բարեգործությամբ, գրողը դրա համար ունի անձնական դրդապատճառներ. «Բացեմ չակերտները. բոլորովին վերջերս՝ 31 տարեկանում, տեղեկացա, որ ես ինքս որդեգրված երեխա եմ, ու դա դրդեց ինձ իմ փոքրիկ լուման ունենամ մանկատան երեխաների խնդիրները լուծելուն: Մանկատան շատ երեխաների հետ եմ շփվում հիմա, ու մենք արդեն ընկերներ ենք դարձել»: Գիրքը հրատարակվել է 1000 օրինակով, կվաճառվի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում, Լոնդոնում: Գիրքը կարժենա 2000-2500 դրամ:  Երեկոյի ընթացքում Պետրոս Հոկտանյանի ստեղծագործություններն ընթերցեց ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Ներկայացվեց նաեւ բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա Ջոն Ջալավյանի համանուն՝ «Մեզանից հետո» ֆիլմը։ Հանդես եկան «Հ.Օ.Ֆ. աջակցման կենտրոն»-ի սաները, THE BAND երաժշտախումբը։ girq1