Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որևէ ստորջրյա ցանկություն, գայթակղություն կամ մեսիջ չեմ տեսնում. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
davit-harutyunyan

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունն ունի քաղաքական կամք՝ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո երկրում խորը և քաղաքացիներին տեսանելի բարեփոխումներ իրականացնելու. «Եթե կարճ պատասխան է ձեզ հետաքրքրում՝ այո»,- «Ա1+»-ի հարցին պատասխանում է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Օրերս հրապարակվեց նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Եվրամիություն – Հայաստան գործընկերության նոր փաստաթղթի տեքստը։ Այսպիսով, Համաձայնագիրը հանրությանը հասու է դառնում դրա ստորագրումից դեռ մեկ ամիս առաջ, ինչը չարվեց նախորդ անգամ, երբ Հայաստանի ու ԵՄ-ի սեղանին դրված էր Ասոցացման համաձայնագիրը, որն այդպես էլ չստորագրվեց։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը, ըստ նախարարի, չի նշանակում, թե խնդիր կա բովանդակությունը հասանելի դարձնել Ռուսաստանին. «Ես այստեղ որևէ երևույթ, ստորջրյա ցանկություն, գայթակղություն կամ մեսիջ չեմ տեսնում։ Ուղղակի կողմերը քննարկումների փուլում էին գտնվում և վերջնական համաձայնության են եկել, թե ինչ տեքստ պետք է այն ունենա։ Դրա համար էլ հրապարակվել է»,- բացահայտում է Դավիթ Հարությունյանը։ Եվրամիության հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաև Մեծամորի ատոմակայանի փակում և անվտանգ ապագործարկում։ Չի բացառվում, որ Հայաստանը կհրաժարվի նոր Ատոմակայան ունենալու մտքից, դրանից ստացվող էլեկրաէներգիան փոխարինելով, օրինակ, արևային էներգետիկայի ռեսուրսներով։ Ըստ նախարարի՝ նոր Ատոմակայանի կառուցումը ենթադրում է հաշվարկներ, թե դրա կառուցումը տնտեսապես որքանով արդարացված կլինի. «Մենք նոր Ատոմակայան կունենանք, եթե այն գնային առումով, սակագնային առումով լինի արդյունավետ։ Պատկերացրեք, վաղը պարզվեց՝ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստանալ նույն քանակի էներգիա, սակայն առանց Ատոմակայանի, և Ատոմակայանի էներգիան ավելի թանկ կլինի սպառողների համար, ո՞ր ճանապարհով մենք պետք է գնանք»։ Ըստ Դավիթ Հարությունյանի՝ տրամաբանական կլինի հրաժարվել ատոմային էներգետիկայից, եթե հաշվարկների արդյունքում պարզվի, որ նույն քանակի հոսանք հնարավոր է ստանալ ավելի քիչ ներդրումներով։ Նախարարը հստակեցնում է՝ Ատոմակայանի արտադրած էներգիան էժան է, եթե ստիպված չես նոր ԱԷԿ կառուցել. «Բայց հենց որ դուք սկսում եք հաշվարկել նոր Ատոմակայանի վրա ներդրումներ, դուք ունենում եք բացարձակապես նոր պատկեր, այն ամենևին նույնքան էժան չի լինելու, ինչ այսօրվա Ատոմակայանի արտադրանքը»։ Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ենթադրում է լայն բարեփոխումներ արդարադատական ոլորտում։ Արդյո՞ք կգա մի օր, որ հայաստանցի դատավորների կայացրած անօրինական որոշումների պատճառով Եվրադատարանն այլևս Կառավարությանը չի պարտավորեցնի տասնյակ-հազարավոր եվրոների փոխհատուցում վճարել տուժած տուժած քաղաքացիներին։  «Գլխացավը չեն բուժում գլուխը հատելով, և երկրորդ՝ բավական է երկիրը գնա այն պատճառով, որ դատավորին ենթարկի նյութական պատասխանատվության այն պատճառով, որ ՄԻԵԴ-ում երկիրը պարտվել է այս կամ այն գործը, և մենք կունենանք հերթական գործը ՄԻԵԴ-ում, այս անգամ՝ երաշխավորված պարտությամբ։ Լուծումը հետևյալն է՝ բազում աշխատանք մենք դեռ պետք  է կատարենք, որ դատավորներն ունենան ոչ միայն արտաքին անկախություն, այլ նաև՝ ներքին անկախություն, նոր դատական օրենսգրքի նպատակը՝ ստեղծել պատշաճ մեխանիզմներ, որով մենք երաշխավորում ենք դատավորների ներքին անկախությունը»։ Եվրամիության աջակցությամբ Հայաստանում ներդրվել է էլեկտրոնային ժողովրդավարության գործիքներ։ Ի-դրաֆթ.ամ համակարգում օրինակ, քաղաքացին կարող է ծանոթանալ իրավական ակտերի նախագծերին, կողմ կամ դեմ քվեարկել, ներկայացնել առաջարկներ։ Կայքն օրական միջինը 1000 այցելու ունի։ Հայաստանցի և եվրոպացի պաշտոնյաներն այսօր ներկա էին այս ու ևս մի քանի էլեկտրոնային կառավարման ծրագրերի շնորհանդեսին։