Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայտնվեցին զանազան տիկնայք, որոնք քարոզում էին կարմիր խնձորի թաղումը»

Հասարակություն
nk

Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր «Համահայկական ծնողական կոմիտե»-ի անդամ Լիա Ավետիսյանն իր ելույթում նկատեց. «Տարօրինակ է՝ տիկին ոստիկանի (Նելլի Դուրյանի-խմբ.) խոսքն ավելի ոգեղեն էր, քան սրբազանինը (Միքայել եպիսկոպոս Աճապահյան-խմբ.): Մեր արժեհամակարգերը փոխվում են՝ տղաները բիրտ են, աղջիկները՝ լեզվանի, տատիկները՝ եսասեր, հարեւանները՝ օտարի պես: Մենք փոխարենը պարզենք՝ ինչումն է բանը, ընկնում ենք հետեւանքների հետեւից ու դրանց համար պատժում մարդկանց. Պավլիկ Մարոզովներ ենք աճեցնում: Անկախության հռչակումից հետո այստեղ հայտնվեցին զանազան տիկնայք, որոնք քարոզում էին կարմիր խնձորի թաղումը, աղջիկներին ասում էին՝ ես եմ տերն իմ մարմնի, ոչ ոք չի կարող ինձ ասել՝ ինչպես ինձ ինչպես պահել, շքերթներ պոռնոյի, պոռնոյի ցուցադրումներ երիտասարդների համար: Սրանք, իհարկե, ազդեցին երիտասարդության վրա, ազգային բարոյականության վրա: Ոչ թե զսպում ենք այդ մոլորյալ երիտասարդության պահելաձեւը, այլ ընկնում ենք նրանց հետ պահող մեծահասակների հետեւից, որպեսզի նրանց լատենտային վիճակը բերենք ջրի երես ու պատժենք»: Նա նաեւ նշեց, որ լրատվությունն ու հեռուստաեթերը լի են ծեծուջարդով, հայհոյանքով, բռնությամբ, արյան հեղեղով. «Նույնիսկ արդեն լսելի է կոտրտվող ոսկորների կրճտոցը: Այն, ինչ կատարվում է հեռուստաեթերով, ապօրինություն է, սակայն մենք աչք ենք փակում ու սեւեռվում այն զոհերի վրա, որոնք առավոտից երեկո ենթարկվում են այդ բռնության քարոզին: Մենք ոչ թե զարգացող, արդյունաբերական երկիր ենք, մենք քայքայվող երկիր ենք: Երեկվա բանվորն այսօր նստել է տաքսու ղեկին ու գիշերը ամենաահավոր բաներն է տեսնում, պարզ է, որ նա դառնում է կասկածավոր սեփական կնոջ, դստեր նկատմամբ: Հիմա փողն է Աստվածը»: