Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կինը բուրդ է՝ ինչքան ծեծես, այնքան կփափկի» ասույթով ապրե՞լ 21-րդ դարում (տեսանյութ)

Հասարակություն
naira

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր ելույթ ունեցավ նաեւ ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանը: Նա իր խոսքում նշեց, որ իր նկատմամբ բռնության դեպքը հանրային մեծ հնչեղություն ունեցավ. «9 տարի շարունակ ենթարկվել եմ ընտանեկան բռնության, համատեղ կյանքում երկու երեխա ունեցանք: Ամիսներ շարունակ ես չէի կարողանում շփվել իմ երեխաների հետ. հայրն ասում էր՝ երբ գնաս ու քրեական գործը հետ կվերցնես ու կասես, որ ես քեզ չեմ ծեծել, այն ժամանակ կտեսնես երեխաներիդ: Չկար մի կառույց, որ նրանց դուռը կբախեր ու կասեր՝ մայրը ուզում է երեխաներին տեսնել: Այս օրենքը ընդունելով՝ կարծում եմ, որ որոշ կանայք կկարողանան ինչ-որ մի դուռ թակելով, իրենց պաշտպանված զգալ ու չհանդիպել այնպիսի խոչընդոտների, ինչ ես հանդիպեցի»:  Նրա ելույթից հետո ԱԺ դահլիճում հնչեցին ծափեր: «Արմավիրի զարգացման կենտրոն»-ի ղեկավար Նաիրա Առաքելյանն իր ելույթում նախ նշեց, որ երեկ երեկոյան բոլորովին այլ ելույթ էր պատրաստել, սակայն մտափոխվել այլ խոսք ունի ասելու. «Ինչո՞ւ է այստեղ խոսք գնում այն ընտանիքների մասին, որոնք բռնության այս խնդրին չեն առչվում, խոսքը այն ընտանիքների մասին է, որտեղ հայրը օղու ու ծխախոտի համար գումար ունի, սակայն երեխայի կոշիկի համար գումար չունի: Այստեղ ուզում եմ հիշել նաեւ մեր հայկական, ավանդական ասացվածքները՝ «Կինը բուրդ է, ինչքան ծեծես, այնքան կփափկի»: Այսպիսի ասույթներով դեռ ապրում ենք 20-րդ դարում»:  Նա հիշեցրեց, երբ Թուրքիայում սպանվեց Հրանտ Դինքը, բոլորը փողոց էին դուրս եկել գրառումներով՝ «ես Հրանտ Դինք եմ». «Արմավիր քաղաքում վերջերս բռնության երկու դեպք է գրանցվել, եւ ես հայտարարում եմ՝ «ես Սյուզան Մարգարյանն եմ», որին ամուսինը փողոցում սպանեց՝ հենց երեխայի աչքի առաջ, «ես Ռուզաննա Մկրտչյանն եմ», որը պատիժ է կրում հիմա, երբ ինքնապաշտպանվել էր: Այս օրենքի հրատապությունը այս երկու զոհերի արդյունքի համար է: Մենք չունենք այն թեժ գիծը, որ կարող էին նրանք դիմել կամ այն ապաստարանները, որտեղ կարող էին նրանք մնալ: Ռուզան Մկրտչյանն ասում է՝ իրեն ՔԿՀ-ում ավելի ապահով է զգում, քան իր ընտանիքում: Փորձեք ուղղումներ անել օրենքում, այլ ոչ թե դեմ քվեարկել: Բոլորս օգնենք, որ այն ճիշտ նպատակին ծառայի»:  Նրա ելույթից հետո եւս հնչեցին ծափեր: