Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն մի բռնություն, որ ընտանիքում տեղի է ունենում, դա դեռ բռնություն չէ» (տեսանյութ)

Հասարակություն
ajapahyan

Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել եպիսկոպոս Աճապահյանն իր ելույթում նախ նշեց, որ իրենք՝ հոգևորականները, շատախոս մարդիկ են եւ ելույթի համար նախատեսված հինգ րոպեի մեջ չեն տեղավորվի, ապա՝ ավելացրեց. «Այսքան տարի առանց օրենք ենք ապրել, էլի կարող ենք ապրել, մենք կարող էինք նաեւ առանց Սահմանադրության ապրել, սակայն ունենք այն: Իսկ ի՞նչ ենք մենք ունենում՝ առանց այս օրենքի, ոչինչ, նորից խարխափելու ենք անորոշության մեջ: Մենք՝ հոգեւորականներս, շատ լուրջ խնդիրներ ենք ունենում՝ օրենքի բացակայության պատճառով, թեեւ մեզանում եւս կան մարդիկ, որոնք դեմ են սրան: Մենք շատ հաճախ գիտենք հանցագործության մասին, սակայն չենք կարողանում հայտնել ոչ մեկին: Կարող ենք ոստիկանությանն ասել, սակայն նա եւս լծակ չունի, որ մտնի այդ ընտանիք ու կանխի: Ավելի լավ է ունենալ նման մի օրենք, քան չունենալ, այն պետք է օգնի, այլ ոչ թե խանգարի»:  Նա անդրադարձավ այն խոսակցություններին, թե այստեղ կա դավադրություն. «Եթե դրա մասին մտածեինք, ապա եվրաինտեգրման մասին չպետք է մտածեինք, այս օրենքն էլ դրա անհրաժեշտ փուլերից է: Եթե չենք ուզում եվրաինտեգրվել, ապա շատ ու շատ օրենքներ չպետք է լինեին, որոնց եկեղեցին դեմ էր: Օրինակ՝ այլընտրանքային ծառայությունը, սակայն պետությունը պարտավոր չէ ընդունել մեր ասածը՝ որպես դոգմա: Մենք էլ՝ որպես եկեղեցի, ամեն ինչին դոգմատիկ չենք մոտենում՝ սեւ ու սպիտակով: Այս օրենքի մեջ կանխարգելում շատ չեմ տեսնում, ավելի շատ մեխանիզմների մասին պետք է մտածենք ու հետո միայն՝ ինչպես պաշտպանել զոհին ու ապաստարան հասցնել: Այստեղ համակարգային մոտեցում է պետք: Պետք է մարդուն դաստիարակել մանկուց: Ամեն մի բռնություն, որ ընտանիքում տեղի է ունենում, դա դեռ բռնություն չէ, միգուցե դաստիարակչական միտում ունի: Անգամ Ավետարանում է նշված՝ այն հայրը, որ սիրում է իր զավակին, խրատում է: Իսկ խրատելը ֆիզիկական նշանակություն ունի, օրինակ՝ Պիղատոսը հայտարարեց, որ կխրատի Քրիստոսին ու մտրակի ենթարկեց նրան»:  Այնուհետեւ, սրբազանը ներկայացրեց իր պատկերացումներն ընտանեկան բռնության մասին. «Ընտանեկան բռնությունը ես հասկանում եմ, որ ինչ-որ մեկը առանձնաշնորհյալ դիրք ունի ու չարաշահում է այն, այլ ոչ թե, ասենք, երեխան մի արժեքավոր իր է ջարդում ու ծեծում են նրան: Բռնությունն այն է, որ մարդը մտածում է՝ երբ պետք է գործս վերջացնեմ, որ հասնեմ տուն, կնոջս ծեծեմ: Այդ սադիզմը պետք է կանխարգելել ընտանիքում:Այս օրենքը հաշտության, համերաշխության համար է, սակայն այստեղ որեւէ իրավական միջամտություն չի օգնի, եթե չկա սեր. ընտանիքը իրավական հարաբերությունների թատերաբեմ չէ: Ամուսնալուծությունը եւս անընդունելի է մեր եկեղեցու կողմից, սակայն դա ընդունեցինք ժամանակին, իսկ հիմա այս օրենքի դեմ ենք: Հղիության վիժումներն ու աբորտները եւս քրիստոնեական ապրելակերպին դեմ են, սակայն ընդունեցինք. հղիության կանխարգելման մասին օրենք կար, ոչ մեկը դեմ չեղավ: Եկեղեցին որեւիցե խնդրահարույց հարց չի տեսնում այս օրենքում՝ այն կարելի է եւ չունենալ, սակայն կարեւորը ունենալն է, հետո՝ սրբագրելը»: