Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարգապահական տույժ՝ «Հաց բերողի» գործով (տեսանյութ)

Քաղաքականություն
yegoryan

Այս գիշեր Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական տույժի է ենթարկել փաստաբան Տիգրան Եգորյանին այն պատճառաբանությամբ, թե նա քննչական մարմիններին չի տեղեկացրել Արթուր Սարգսյանի «Բեխտերեւի հիվանդությամբ» տառապելու մասին փաստաթղթեր: Պարոն Եգորյանն իր հաշվին 6 ամսվա ընթացքում պետք է մասնակցի վերապատրաստման դասընթացների: Նիստի հիմնական մասն, ի հեճուկս փաստաբան Եգորյանի, անցել է դռնփակ այն բանից հետո, երբ Տիգրան Եգորյանը հանդես է եկել խորհրդի մի քանի անդամներին բացարկ ներկայացնելու դիմումով: Դրանցից ոչ մեկը չի բավարարվել, որից հետո խորհրդի նախագահող Կարեն Մեջլումյանը հայտարարել է, որ Արթուր Սարգսյանի գործի վերաբերյալ դատարանից ստացված ապացույցների հետազոտման համար նիստը հայտարարվում է դռնփակ: Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեջլումյանը լրագրողներին եւ խորհրդի հետ կապ չունեցող անձանց դուրս է արել նիստերի դահլիճից: Մինչ այդ Տիգրան Եգորյանը փորձել էր բացարկ հայտնել խորհրդի նախորդ 4 նիստերին չներկայացած Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանին։ Խորհուրդը դռնփակ նիստով մերժել է փաստաբանի այս միջնորդությունը: Տիգրան Եգորյանի հաջորդ միջնորդությունը մերժելու համար խորհուրդը նույնիսկ դռնփակի անցնելու կարիք չունեցավ: Միջնորդությունն այս անգամ խորհրդի անդամ Էդուարդ Աղաջանյանին բացարկ հայտնելու մասին էր, որը նույնպես նիստերին չի ներկայացել։ «Մենք չենք կարող իսկապես էս խորհրդի նիստերը վերածել մի էնպիսի նիստի կամ հավաքի, որին ցանկացած մեկը ցանկացած պահի խորհրդի անդամներից իր քմահաճույքից կամ միգուցե անձնական այլ խնդիրներից ելնելով՝ ոչ հարգելի եւ ոչ բավարար չափով պատճառաբանված, ցանկացած կետից կարա գա մասնակցի վարույթին եւ կամայական որոշում կայացնի առանց էդ քննությանն անմիջականորեն մասնակցելու»,- ասում է Տիգրան Եգորյանը: Նա նաև նկատեց՝  խորհուրդը պետք է շատ ուշադիր լինի, թե իր գործունեության արդյունքում ինչպես է ընկալվում հասարակության մեջ. «Պալատի որոշակի գործունեության արդյունքում հեղինակազրկման հետեւանքով հանրային տիրույթում տարբեր սոցցանցերում մենք կարող ենք հանդիպել Փաստաբանների պալատկա արտահայտությունների»: Ուշ գիշեր խորհուրդը որոշեց, որ Տիգրան Եգորյանը վերապատրաստման կարիք ունի: