Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ ծնողն արգելում է համակարգչից օգտվել կամ պաղպաղակ չի գնում, դա բռնություն չէ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen-1

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունենում «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ:  Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, հարց ուղղելով հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, նշեց, որ այս օրենքը անհրաժեշտություն է հասարակության մեջ, սակայն հասարակության մեջ կան մտահոգություններ, որոնք պետք է հանգեցնեն օրենքի որոշակի փոփոխությունների. «Հիմնականում անմեղության կանխավարկածի ոտնձգությունն է, տարաձայնությունների առիթ հանդիսացել՝ ենթադրաբար բռնություն գործադրած անձի սահմանումը, որքանո՞վ է նա պաշտպանված սադրանքից: Նաեւ՝ ստեղծվող խորհուրդը լինելու է ՀՀ վարչապետին կից, այստեղ շահերի բախում եմ տեսնում: Մյուս հարցս վերբերում է ոստիկանության միջամտությունը օրենքի շրջանակներում՝ մասնագիտացված ոստիկանական մարմին պետք է լինի, այլ ոչ թե թաղայինը կամ ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից զբաղվի դրանով»:  Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը ի պատասխան ասաց, որ անմեղության կանխավարկածը միայն մեղադրյալին է վերաբերում. «Բռնություն գործադրողին մեղադրանքը առաջադրվում է միայն անմեղության կանխավարկածով: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին կից ստեղծվող խորհրդին, ապա բովանդակային առումով որեւէ ներազդում չի լինելու՝ իր առանձին աշխատակարգով է աշխատելու, ազատ է լինելու ռազմավարություն, ծրագրեր, առաջարկներ ներկայացնելու առումով»:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նախ նշեց, որ այս օրենքը մեր ազգային հոգեկերտվածքին հարիր չէ. «Նաեւ օրենքում իրավական առումով խոցելի ձեւակերպումներ կան, օրինակ, տնտեսական բռնություն, սա անորոշ հասկացողություն է, կարող էր լիներ տնտեսական ոտնձգություն»:  Վիգեն Քոչարյանը մատնանշեց տնտեսական բռնության դեպքերը. «Այ, երբ ծնողը պաղպաղակ չի առնում, կամ արգելում է համակարգչից օգտվելը, սա հոգեբանական կամ տնտեսական բռնություն չէ, ինչպես կա թյուր կարծիք: Բնակարանից, սնունդից ու կյանքի համար անհրաժեշտ պարագաներից զրկումն է տնտեսական բռնությունը»: https://youtu.be/7Lz0fKRjLxw Նիստը նախագահող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր հերթին նկատեց, որ երկրի բնակչության մեկ միլիոնից ավելին աղքատ ընտանիքներ են. «Եթե նրանք չեն կարողանում իրենց ընտանիքի համար ապահովել անհրաժեշտ պայմանները, դա ոչ թե իր մեղքն է, այլ քանի որ երկրում այնպիսի պայմաններ են, որ նա ուղղակի չի կարողանում: Մենք պետք է սահմանն այնպես գծենք, որ տարընթերցման առիթ չտա»: