Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի առողջական վիճակը վատանում է. պաշտպան (տեսանյութ)

Քաղաքականություն
papikyan

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով 18 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող   Ներսես Պողոսյանի  առողջական վիճակը օր օրի  վատանում է: «Բավականին տկար է արդեն, հրաժարվում է որեւէ բուժօգնությունից, շատ հյուծված է»,- «Ա1+»-ին ասաց Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:  Նա  ահազանգում է՝  արդեն սկսել են այտուցվել  Ներսեսի ոտքերը. «Որպես կանոն հացադուլի մեջ  տեւական ժամանակ  գտնվելու  դեպքում  նման խնդիրներ առաջանում են, նաեւ  երիկամների խնդիրը, գլխացավեր, գլխապտույտներ նաեւ ճնշման խնդիրն առաջին օրվանից կար, հիմա ավելի է խորանում»: Արայիկ Պապիկյանը հույս ունի, որ Ներսես Պողոսյանը կփոխի իր որոշումը  եւ կդադարեցնի հացադուլը, քանի որ նախորդ դատական նիստին բավականին թույլ է եղել: Ներսես Պողոսյանի հացադուլ հայտարարելու համար հիմք էր հանդիսացել դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի կողմից  հրապարակային դատաքննության, դատախազի ինքնաբացարկի, ինչպես նաեւ խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու միջնորդությունների մերժումը: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ ՀՀ-ում, հատկապես այս գործով, անկախ նրանից՝ պահանջը կլինի օրինական, հիմնավորված, թե ոչ, թե կլինի կամայականություն, անկախ դրա բովանդակությունից եւ ձեւից՝ երբեւէ չի կատարվել եւ չի էլ կատարվելու»,- ասում է Արայիկ Պապիկյանը: Ներսես Պողոսյանը  մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու,  իրացնելու , պահելու, փոխադրելու  կամ կրելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Ներսես Պողոսյանին սպառնում է երեքից ութ տարվա ազատազրկում: