Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդունեք ձեր սխալը. Joomag-ի հիմնադիրը՝ բիզնեսի հաջողության ու ամենավատ խառնուրդի մասին

Հասարակություն
rvaa

Բիզնեսում հաճախակի  գործածվող սխալներից մինչև ժամանակի ճիշտ կառավարում  ու միջազգային մակարդակի աճ,  «Հաջողության բանաձև» նախագծի շրջանակում անցկացվող վարպետության դասի հերթական խոսնակը  Joomag ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Ռուբեն Վարդանյանն էր, որ ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) դահլիճում խոսեց  գլոբալ բիզնեսի արգելքներից. «Հաճախ մարդկանց համար օգտակար է, երբ պատմում ես՝ ինչ սխալներ ես արել ու ինչ չպետք է անել ավելի հաջողակ լինելու համար»: Ի դեպ, Joomag-ը թվային հրատարակչական հարթակ է, ծառայություններ է տրամադրում օնլայն հրատարակությունների ստեղծման համար։ Ծրագրավորողը ներկաներին պատմեց ութամյա  գործունեության ընթացքում իր թույլ տված սխալների մասին՝ առանձնացնելով հատկապես դրանցից մի քանիսը: Նրա համոզմամբ բիզնեսի մարդը պարտավոր է բաց լինել ու շփվել տարբեր մարդկանց հետ և  հաճախ  գործընկերների հետ  կիսվել  իր փորձով, սխալներով ու անգամ մտքերով: Joomag-ի հիմնադիրը հատկապես կարևորեց  որևէ բան ստեղծելիս հաճախորդի ցանկություններն  ու պահանջները հաշվի առնելը.  «Ձեզ դրեք հաճախորդի դերում ու հասկացեք՝ ով եք, ինչ նախասիրություններ ունեք: Դա մասնավորապես կօգնի սկզբնական հաճախորդներ գտնելու դեպքում»: Ռուբեն Վարդանյանը ներկաներին խորհուրդ տվեց խուսափել ամենամեծ սխալից՝ սխալվելուց և այն չընդունելուց. «Եթե տեսնում եք՝ սխալվել եք, ընդունեք ու եղեք ինքնաքննադատ: «Հույս»-ը և «Ես»-ը ամենավատ խառնուրդն է, որ ամեն ինչ փչացնում է. հույս ես ունենում՝ չես սխալվելու, իսկ երբ գիտակցում ես, որ սխալվել ես, վախենում ես ասել: Մի՛ վախեցեք: Բիզնեսում ամոթ է սխալվել ու այդպես էլ առաջ գնալ»: Հանդիպման վերջում խոսնակն ընտրեց վարպետության դասի ընթացքում հնչած լավագույն հարցը՝ «Բիթուսիից բիթուբի գնալու ժամանակ հավանական սխալները» (Բիթուբիի դեպքում հաճախորդները ընկերություններն են, իսկ բիթուսիի դեպքում՝ անհատները): Հարցի հեղինակի հետ բանախոսը տասնհինգ րոպե տևողությամբ առանձնազրույց անցկացրեց:  «Այբ» կրթական հիմնադրամի և «Երևան փրոդաքշնի» նախաձեռնությամբ իրականացվող «Հաջողության բանաձև» անվճար վարպետության դասի հոկտեմբերի 17-ի խոսնակները կլինեն ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:   Հասմիկ Կոշկարյան ՀՊՄՀ Լրագրության 2-րդ կուրսի ուսանող