«Վարչապետի առանձնատունը ես չեմ նախագծել». Ն. Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վստահեցնում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի առանձնատան նախագծողն ինքը չէ. «Նույնիսկ ոճային առումով իմ ոճը չէ. իմ նախագծած շենքերը ճանաչելի են եւ, բնականաբար, այդ ոճի չէ»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեսանյութ էր հրապարակել, որ Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքում ի թիվս այլ առանձնատների,  կառուցվում է նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի առանձնատունը: Նարեկ Սարգսյանի խոսքով՝ այսօր կանաչ գոտիների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է.  «Հիմա բոլորովին այլ ինստիտուտ է գործում՝ հիմա ձեր աչքի առաջ կա ավագանի, կա ընդդիմություն, կա ավելի մեծ լիազորություններ: Իսկ տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանը պետության անունից հանդես եկող մարմին էր»:

11 տարի է Երեւանի երիտասարդական պալատը քանդվել է՝ ճարտարապետական միջազգային նորմերին անհամապատասխան լինելու պատճառաբանությամբ, եւ մինչ օրս կառուցապատում չի իրականացվել: Նարեկ Սարգսյանը նշում է, որ իրենց մասնակի հաջողվել է լուծել կիսակառույցների հարցը՝ գույքագրում է արվել ու բոլորին ուղարկվել է զգուշացումներ՝ կկիրառվեն պրոգրեսիվ հարկեր. «Կուկուռուզնիկի մասով իմ տեսակետը հստակ է. լավ կլիներ, որ նույն նախագիծը, փոքր-ինչ բարձրությունները փոխելով, վերակառուցվեր: Եթե ներդրողը միջոցներ չի տրամադրում կամ մտադրություն չունի կառուցապատման, պետությունը չի կարող նրան պարտադրել, որպեսզի նա պարտադիր կառուցի Երիտասարդական պալատի շենքը, նման իրավունք չունի. կարող է առաջարկել, սակայն մենք չգիտենք, թե  ինչ է ուզում նա կառուցել»:  

 Ճարտարապետի միջազգային օրվա առթիվ Նարեկ Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին հուշամեդալներ եւ պատվոգրեր հանձնեց ինչպես ճարտարապետների, այնպես էլ ոլորտը լուսաբանող լրագրողների: Նրանց թվում էր նաեւ «Անծանոթ Երեւան» հաղորդաշարի հեղինակ Մարկ Գրիգորյանը: Վերջին շրջանում իշխանություններից պարգեւներ եւ շքանշաներ ստանալը միանշանակ չի ընկալվում: «Այո, ինձ համար սա հեշտ չէր ընդունելը, սակայն առաջին հերթին, որ ես ճարտարապետ չեմ, այլ լրագրող եմ: Երբ լրագրողին տրվում է պարգեւ՝ ճարտարապետության ոլորտում ներդրման համար, սա հետքրքիր քայլ է իշխանությունների կողմից»,- նշում է  «Հանրային ռադիո»-ի տնօրեն Մարկ Գրիգորյանը:          

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի՝ նա շտապում էր: