Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաշառքի գործով դատական նիստին ուսումնասիրվեցին տեսախցիկների ձայնագրությունները (տեսանյութ)

Հասարակություն
ishxan-barsexyan-1

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր  Իշխան Բարսեղյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: «Հիմա սպասում ենք, սիրտը պետք է տանեն նկարեն, դրանից հետո կորոշվի. առողջական վիճակը ոչ թե լավ չի, այլ շատ վատ է»,- ասաց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Այսօր էլ Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Իշխան  Բարսեղյանը բերվել էր համապատասխան դեղեր ստանալուց հետո. «Դեղերի ազդեցության տակ է, հենց Բարսեղյանի շահերից չի բխում դատական նիստերը ձգձգելը, ստաբիլ դեղերը խմում է, որպեսզի հնարավորություն ունենա նիստին մասնակցելու ուղղակի»։ Դատական նիստի ընթացքում ուսումնասիրվեցին դեպքի օրը Շենգավիթի  դատարանի շենքի 8 տեսախցիկների պատկերները: Դատախազը  պարզաբանեց. «Դատավորի աշխատասենյակի դուռը բացվում է,  եւ դուրս է գալիս մոխրագույն տաբատով, սպիտակ կոշիկներով եւ դեղնավուն շապիկով աղջիկ: Այդ պահին տեսանելի է, որ աղջկա ձեռքին կան ինչ- որ թղթապանակներ: Դրանից հետո վերադառնում է նույն աղջիկը եւ մտնում աշխատասենյակ, վերադառնալիս նրա ձեռքին թղթապանակներ չկան»: Իշխան Բարսեղյանի պաշտպան  Վարդուհի Էլբակյանը   դատավորին հիշեցրեց, որ դատավորի աշխատակազմ մտնում են մեկ դռնից. «Դատավորի օգնականը ունի իր առանձին աշխատասենյակը,  դատավորի աշխատակազմը մեկ դռնից է ներս մտնում, եւ յուրաքանչյուրն ունի իր աշխատասենյակը: Հետեւաբար միանշանակ հայտարարել, որ այդ աղջիկը մտավ դատավորի աշխատասենյակ, դա ենթադրության համատեքստում է»:  Կաշառք ստանալու մեջ մեղադրվող  Իշխան Բարսեղյանն էլ ավելացրեց. «Առավել եւս դատավորի աշխատասենյակ մուտք չէր կարող գործել, քանի որ դատավորի աշխատասենյակը միշտ փակ է, եթե դատավորը տեղում չէ, հետեւաբար մուտք գործել կամ մտնել  չէր կարող»:  Պաշտպաններից Արա Ղազարյանն էլ անդրադառնալով անձնական տվյալների պաշտպանության օրենքին՝ նշեց, որ անհրաժեշտ է  անձի համաձայնությունը, որպեսզի ինքը տեսանկարահանվի: «Կոնկրետ մեր պաշտպանյալը իր համաձայնությունը չի տվել,  որպեսզի իր անձնական տվյալը մշակվի  դատարանի եւ նախաքննական մարմնի կողմից,  առավել եւս՝ ապացույցի տեսքով»,- ավելացրեց Արա Ղազարյանը: Իշխան Բարսեղյանը մոտ մեկ տարի է՝ գտնվում է անազատության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել միջնորդի միջոցով խոշոր չափերի՝ 1000 ԱՄՆ դոլար  կաշառք ստանալու համար: