Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գործող ազգային ռմբարկու

Անգլիայում ֆուտբոլի հետ կապված ոչ մի մանրուք բաց չեն թողնում: Մասնավորապես, տեղի վիճակագիրները հայտնաբերել են, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս եւ նախկին վեց ֆուտբոլիստ համարվում է իր երկրի ազգային թիմի լավագույն ռմբարկու:

Նախ խոսքը վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին ու Զլատան Իբրահիմովիչին, որոնք այժմ հանդես են գալիս անգլիական այդ ակումբում: Վերջինս 62 գնդակով համարվում է Շվեդիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, սակայն արդեն ավարտել է ելույթները ազգային թիմում:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձել է 23 գոլի հեղինակ, որը նույնպես ռեկորդային է: Ավելին, ըստ անգլիացի վիճակագիրների, հայ ֆուտբոլիստն ազգային թիմի կազմում կատարել է բոլորից շատ արդյունավետ փոխանցում՝ 15:

Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին չորս ֆուտբոլիստներ նույնպես իրենց հավաքականների լավագույն ռմբարկուներ են: Նրանք են Ուեյն Ռունին (Անգլիա, 53 գոլ), Քրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 79 գոլ), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա, 28 գոլ) եւ Խավիեր Էրնանդեսը (Մեքսիկա, 49 գոլ):