«Երաշխիք չկա, թե Ադրբեջանը ցանկացած պահի չի վերսկսի ռազմական գործողությունները» (տեսանյութ)

Այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է միջազգային պարտավորություններից, արդեն հարցականի տակ է դնում ապագա ցանկացած համաձայնություն։ Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը. «Ինչպե՞ս կարելի է խոսել բանակցություններում առաջընթացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն: Ադրբեջանը կարող է ստորագրությունը դնել այդ համաձայնության տակ և վաղը չկատարել, ինչի ապացույցն է հենց  համաձայնագրերի խախտումը», – նշեց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ երաշխիք չկա, թե Ադրբեջանը ցանկացած պահի  չի վերսկսի ռազմական գործողությունները։

«Բանակցություններում տեղում դոփելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն՝ ի պատասխան ինքնորոշմանը։ Եվ առ այսօր այդ քաղաքականությունից չի հրաժարվում», – հավելեց փոխնախարարը:

Օրեր առաջ Տավուշի մարզում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, «Ա1+»-ի հարցին՝ կապվա՞ծ է դա արդյոք այս օրերին Սոչիում տեղի ունեցող ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի հետ, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այո, կարեւորագույն հանդիպումներից առաջ կամ ընթացքում, կամ հետո սադրանքները ավելի հաճախակի են դառնում: Դա Ադրբեջանի հետեւողական քաղաքականությունն է, ցավոք սրտի»:

Ավելին՝ տեսանյութով