ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ հայկական ֆուտբոլային հասարակությունը շնորհավորում են Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 91-ամյակի կապակցությամբ:

ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ ունեցած անգնահատելի ավանդ ունենալու համար: Սիմոնյանի անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի ամենավառ էջերը: Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին՝ մաղթում ենք նրան հետագա հաջողություններ, քաջ առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն», – այսօր գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ինչ խոսք,  ԽՍՀՄ հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար հարձակվողն ու մարզիչը, արժանի է նման գովեստի խոսքերի, քանի որ հենց նրա գլխավորությամբ է Երեւանի «Արարատը» 1973 թվականին միանգամից դարձել ԽՍՀՄ առաջնության չեմպիոն ու գավաթակիր՝ սահմանելով յուրահատուկ դուբլ:

Սակայն զարմացնում է այն, որ ՀՖՖ-ն այդպես էլ չի հիշել նույն «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանին, որն այս տարվա օգոստոսի 11-ին նշել է իր ծննդյան 70-ամյակը:

Մեկնաբանությունը թողնում ենք ֆուտբոլի ֆեդերացիային ու հայկական ֆուտբոլային հասարակությանը: