Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը բացատրել է, թե ինչու քաղաքացիները չեն զգում տնտեսական աճը (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karapetyan

Իրանի մայրաքաղաքում գտնվող Հայաստանի վարչապետը իրանահայերին բացատրել է, թե ինչու Հայաստանի քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգում այս տարվա 5 ու կես տոկոսանոց տնտեսական աճը. «Մաշկի վրա զգալը ներկայացնեմ՝ 8 ամսվա ընթացքում Հայաստան ներմուծվել է երկու անգամ ավելի ավտոմեքենա, քան 16 թվականի 8 ամսվա մեջ»: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի քաղաքացիները շտապում են իրենց լավ զգալ կառավարության մեկ տարվա գործունեության արդյունքում, եւ ակնարկել է, որ այդպես չի լինում. «5,5 տոկոսը բոլոր խնդիրները չի կարող լուծել, 10 տոկոսը չի կարող լուծել, 20 տոկոսը չի կարող լուծել, եւ չկա մի երկիր, որտեղ մի տարվա մեջ բոլոր խնդիրները կարող են լուծվել»: Կարեն Կարապետյանն ախտորոշել է Հայաստանի տնտեսության թույլ տեղերը՝ հասկացնելով, որ վիճակը պարզապես շատ վատ է, ինչն ի դեպ նա ասում էր վարչապետությունը ստանձնելու առաջին օրը. «Ախտորոշումը ցույց է տալիս, որ մենք ունենք արդյունավետության պակաս բառացիորեն ամեն տեղ, դա վերաբերվում է եւ պետական կառավարման ինստիտուտին, թե գյուղատնտեսությանը, եւ թեթեւ արդյունաբերությանը»: Եվ ինքը տնտեսական աճ է ապահովում հենց այս պայմաններում, քաղաքացիները դա պետք է ընդունեն ի գիտություն, որքան էլ նրանք ոչ մի առաջընթաց չեն տեսնում. «Ամբողջ աշխարհը կառավարության աշխատանքը գնահատելու մի բանաձեւ է գտել՝ տնտեսական աճ, արտահանման աճ եւ այլն։ Այդպես է կառավարությունը ձեզ հաշվետվություն տալիս»: Ի դեպ, մեկ տարուց ավել Հայաստանի կառավարությունը ղեկավարող այս մարդը դեռ տեղյակ է, թե ինչ է պետք Հայաստանին տնտեսությունն աշխուժացնելու համար. «Մեր երկրի զարգանալու, տնտեսապես զարգանալու մի բանաձեւ ունենք՝ դա հավասար, բաց, թափանցիկ, արդար խաղի կանոններ ձեւավորելն է»: