Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից». Կամո Արեյանը՝ ավագանու նիստին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
avagani

Երեւանի ավագանու արտահերթ նիստն այսօր կրկին անցավ լարված մթնոլորտում: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իրենց առարկություններն ունեին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները:  Ըստ նախագծի՝ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ ավագանու  որոշմամբ՝ բնակարաններ  տրամադրվեցին  մշակույթի մի շարք գործիչների, ինչպես նաեւ   «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչմանն արժանացել մի շարք մշակույթի գործիչներ: Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Նույն կոչմանն արժանացան նաեւ հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը, բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ  Մարինա Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչ սկզբունքով են ընտրվել պատվավոր քաղաքացիները. «Լռել են, դրա համար էլ ստանում են»,- ավելացրեց  Մարինա Խաչատրյանը: Նախատոնական արտահերթ նիստին երեք մշակույթի գործիչներ՝ Ռուբեն Մաթեւոսյանը,  Ռուդոլֆ Ղևոնդյանը  եւ Սեւակ Ավետիսյանը   անհատույց բնակարաններ ստացան: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ  Մարինա Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ սկզբունքով են ընտրվել այս գործիչները, որոնց պետք է բնակարաններ տրամադրվեն։ «Այսօր  Երեւանի քաղաքապետարանը, Կառավարությունը եւ մեր խմբակցությունը բազմաթիվ դիմումներ են ստանում  անտուն մարդկանցից, մարդիկ բողոքում են, որ ստիպված են փտած, ժեշտից  պատրաստված տնակներում իրենց երեխաներին մեծացնել, որ այդ երեխաները սոված են գնում քնելու: Մի՞թե չէր կարելի նրանց տոն պարգեւել: Եւ Ռուբեն Մաթեւոսյանը, եւ մյուսները վերջին աղքատները չեն, եւ նրանք կարող էին իրենց աշխատանքի շնորհիվ վաստակել գումար, փառք աստծո, ունեն տանիք իրենց գլխավերեւում»,- ասաց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զգուշացրեց, որ նրա ժամանակը սպառվել է:  «Դուք իմ իրավունքները մի խախտեք, ես իմ 5 րոպեն ունեմ, դուք կարող էիք նրան օգնել՝ գնար մի օլիգարխի հարսանիքին երգեր եւ այդ գումարը աշխատեր»,- արդեն առանց բարձրախոսի հայտարարում է Մարինա Խաչատրյանը: «Երկիր Ծիրանի»-ի  մեկ այլ անդամ՝ Սոնա Աղեկյանն էլ հարց բարձրացրեց, թե ինչու մշակույթի գործիչների փոխարեն բնակարաններ չեն տալիս զոհված կամ հաշմանդամություն  ունեցող զինծառայողներին։ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին զարմացրել էր Սեւակ Ավետիսյանի նշած այն պատճառաբանությունը, որ նա չի կարողանում ստեղծագործել բնակարանային պայմաններից ելնելով: «Մենք կոչ ենք անում այս մարդկանց  գնալ Արաքսի հովիտ, եւ այնտեղի հրաշք բնությունը նրանց համար մուսա կլինի: Նրանց համար շքեղ պայմաններ կստեղծվեն ստեղծագործելու եւ հրաշալի ստեղծագործություններ գրելու համար»:  Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին զայրացրել էր «Երկիր ծիրանի» խմբակցության վարքագիծը. «Եթե ձեր հոգում ձեր կյանքը քանդվում է, եթե որոշել եք մեր կյանքը դժոխք դարձնել, ես համոզված եմ, տհասության վկայականով աստված ձեզ դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք եւ ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի եւ մեր աշխատանքի առջեւ հաշիվ տվեք ձեզ,  որ կզրկվեք նաեւ մի կտոր դրախտի այս բաժնից էլ»,- նշեց Կամո Արեյանը: Չնայած լարված վիճակին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիշեցրեց, որ առաջիկա հանգստյան օրերին  Էրեբունի- Երեւանի տոնն է, եւ բոլորին հրավիրեց մասնակցելու միջոցառումներին: