Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԶՈՒ խաչվառների օրհնության կարգ՝ Էջմիածնում

Հասարակություն
10-2-9

Հոկտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց ՀՀ Զինված ուժերի զորամիավորումներին ընծայվող խաչվառների օրհնության և հանձման արարողությունը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը,  ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, զորամիավորումների հրամանատարներ, ՀՀ ՊՆ վարչության պետեր, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցներ և սպասավորներ, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը և զինվորականներ: 10-2-5 Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո հանդիսավոր խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Հայրապետին առաջնորդեց դեպի Ս. Տրդատի բաց խորան, ուր կատարվեց քսանմեկ խաչվառների օրհնության արարողությունը: Խաչվառների օրհնությունից հետո ներկա զինվորական դասին իր պատգամը փոխանցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ամենքին բերելով   Հայրապետական իր ողջույնն ու օրհնությունը: 10-2-6 «…Հայրենիքի անվտանգության, խաղաղության և մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության համար ձեր ծառայությունը համահունչ է քրիստոնեական մեր հավատքի կոչին ու հրավերին՝ պայքարելու Աստծո կամքին հակառակ կործանարար ընթացքների, բռնության, մարդու և ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ: Քրիստոնեությունը հաղթության ու զորության կրոն է, որը բացահայտում է առ Աստված հավատքի մեծագույն ուժը՝ առ Բարձրյալն ապավինությամբ ու Բարձրյալի զորակցությամբ աննկուն մաքառելու բարու հաստատման համար: Այդ հիանալի իրողությունը մենք տեսնում ենք մեր Փրկչի երկրային կյանքում: Տերը պայքար մղեց մեղքի ու չարի դեմ, հաղթանակ տարավ ու հաղթության հավատը շնորհեց Իր հետևորդներին՝ ասելով. «Քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. ԺԶ 33): Դարերի ընթացքում մեր ժողովուրդը հաճախ ստիպված է եղել ելնել իր ինքնության ու անկախության պաշտպանության և իր գոյապայքարը վերածել է ազատամարտերի ու հերոսամարտերի, իր հավատքով զորացել ու անպարտելի դարձել՝ ընդդեմ կործանման ու ավերի: Հավատքով հզորացած մեր ժողովուրդը հայության բնաջնջման փորձերը պատմության հոլովույթներում վերածել է վերհառնումի, հարության ու հարատևության: Աստծո զորակցությունը մենք զգացել ենք Ավարայրից մինչև Սարդարապատ ու Արցախ՝ գիտակցելով, որ զինվորն ենք Քրիստոսի, զինվորը արդարության, խաղաղության ու ամեն բարի գործի: 10-2-9 Քրիստոսի Եկեղեցին այս աշխարհի վրա կոչվում է զինվորյալ Եկեղեցի, որի հաղթության նշանն է խաչվառը: Խաչվառը դրոշ է, որով՝ որպես տեսանելի նշան, բարձր ենք պահում մեր հավատքը՝ մեզ առաջնորդող ու զորագլուխ ճանաչելով մեր Փրկչին ու Տիրոջը ու նրա փրկարար խաչը: Խաչվառի հայտնությունը մեր Տերն Ինքը տվեց, երբ 4-րդ դարում հռոմեական արդարամիտ կայսր Կոստանդիանոսին վճռական ճակատամարտից առաջ օրը ցերեկով երկնքում ցույց տվեց փայլատակող աստղազարդ խաչ և գրություն՝ «սրանով կհաղթես»: Խաչն իրենց դրոշներին պատկերած Կոստանդիանոսի զորքը հաղթանակ տարավ և կայսրը հռչակեց քրիստոնեական հավատքի ազատ դավանությունը: Մարտերից առաջ մեր բանակը նույնպես օրհնել են հայոց հայրապետները և ուղեկցել բանակին խաչով ու խաչվառով: Խաչվառ դրոշը, որ տերունի և սրբերի պատկերներն է կրում, հիշեցնում է Աստծո ներկայության ու մշտական զորակցության մասին՝ փորձությունների ու հարվածների առջև անպարտելի մնացած քրիստոնյա զորավարների օրինակներով, սրբերի բարեխոսություններով: Խաչվառները, որ զետեղվելու են մարտական դրոշի մոտ, մեր զինվորների համար լինելու են քաջալերություն՝ առ Աստված հավատքով, սրբոց բարեխոսությամբ ամուր և ուժեղ լինելու ծառայության մեջ: Հավատքով զորեղ զինվորը ուժեղ է կյանքում ու մարտում, սրբությունների պաշտպանության իր բարձրագույն առաքելության մեջ: Հոգու զորությունն է, որ ուժ է տալիս, պարգևում արի սիրտ ու խիզախ ոգի, առաջնորդում սխրանքների, անօրինակ հերոսությունների: Առաքյալը, Աստծո հաղթանակաբեր աջակցության մասին հայտարարելով, բացականչում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռոմ. 8.31): Գիտցե՛ք, սիրելի զորականներ, Աստված ձեզ հետ է օրհնված խաչվառների նշանով, մեր Սուրբ Եկեղեցու հայցով, մեր եկեղեցական սպասավորների աղոթքներով, ձեր հավատքով ու սրբերի բարեխոսության խնդրանքով: Տիրոջով հաղթական պիտի լինեք, և ձեր սրբազան գործը փառքով ու պատվով իրագործեք, ձեր սրբազան ծառայությունը ձեռքբերումներով զարդարեք, հայրենիքի սահմանները աննահանջ պաշտպանեք՝ վաստակելով նաև Աստծո օրհնությունը ձեր կյանքին՝ ձեր ազգասիրության ու հայրենասիրության համար: Մեր աղոթքն է առ Ամենազոր Տերը, որ Իր Սուրբ Աջով մշտապես օգնական ու զորակից լինի ձեզ, պահի ու պահպանի ամենքիդ երևելի ու աներեևույթ թշնամիներից: Աղոթում ենք, որ Աստված հզոր ու հաղթական պահի Հայոց բանակը և պարգևի աննվազ կորով, անպարտելի ոգի և ամուր բազուկ քաջարի ծառայության ճանապարհին: Այլև հայց ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, ժողովուրդների բարօր ու ապահով կյանքի համար: Թող մեր երկիրը մեր խիզախ զորաց պաշտպանությամբ ապահով ընթանա դեպի նոր առաջընթաց և լուսավոր ապագա: 10-2-11 Փառք արդարության ու խաղաղության պաշտպան ու պահապան զորականներին, փառք հայոց պանծալի բանակին: Մեր Տեր Հիսուս Քրիստոս ձեզ զորակից ու պահապան այսօր և միշտ. ամեն», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այնուհետև ՀՀ ԶՈՒ զորամիավորումների հրամանատարները և ՀՀ ՊՆ վարչության պետերը գնդերեցների հետ միասին մոտեցան Հայոց Հայրապետին` ստանալով հայրապետական օրհնությունն ու բաշխվող` տերունի և Հայոց Եկեղեցու սրբերի պատկերներով խաչվառները: Արարողությունն ավարտվեց Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով: