Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինձ ջութակը չէր սազի. ռուս թավջութակահարուհին՝ «Ճանապարհ տաղանդներին» ծրագրում (տեսանյութ)

Մշակույթ
slug-77303

Անաստասիան Օմսկից է: Երազում էր ջութակ նվագել, սակայն ընդունվեց թավջութակի դասարան և շատ սիրեց գործիքը, որը համեմատում են մարդկային ձայնի հետ: «Հիմա մտածում եմ, որ ինձ ջութակը չէր սազի»,- կատակում է թավջութակահարուհին: «Ճանապարհ տաղանդներին» ծրագրի շրջանակում այսօր կամերային նվագախմբի հետ ելույթ կունենա Չայկովսկու անվան միջազգային երիտասարդական մրցույթի առաջին մրցանակակիր Անաստասիա Ուշակովան:   Նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքով, պատանի կատարողների համար այս ծրագիրը լավ հարթակ է: Նման համերգները նվագախմբի հետ մեծ փորձ են պատանի երաժիշտների համար: Անաստասիայի սիրելի կոմպոզիտորները Չայկովսկին և Սեն Սանսն են:  Բոկերինիի կոնցերտը առաջին անգամ է կատարելու: Վահան Մարտիրոսյանի խոսքով, սա նույնպես «ճանապարհ տաղանդներին» ծրագրի կարևոր պայման է. մենակատարը նվագախմբի հետ կատարում է երաժշտական որևէ գործ, որը մինչ այդ չի կատարել: Երաժշտի համար հնարավորություն է՝ նախապատրաստելու տվյալ ստեղծագործությունը հետագայում ուրիշ բեմերում կատարելու համար, քանի որ հիմնականում  երաժիշտները կես փորձ են անում նվագախմբի հետ, իսկ այստեղ ժամանակը ներում է կատարելագործելու նվագը: «Ճիշտ է, Հայաստանում ես առաջին անգամ եմ, սակայն իմ ծնողները այստեղ շատ ընկերներ ունեն, որոնք ի դեպ լինելու են համերգին, և սա ևս ինձ համար շատ պատասխանատու է: Պետք է կարողանաս պահել լավագույնի անունը և ցույց տաս, որ դու արժանի ես այդ կոչմանը։ Այս ելույթը նման նվագախմբի հետ հնարավորություն է հաստատել նոր հաջողություն»,-  ասում է Անաստասիա Ուշակովան: Համերգի երկրորդ բաժինը նվիրված է վերջերս կյանքից անժամանակ հեռացած Կամերային նվագախմբի թավջութակահար Աշոտ Այվազյանի հիշատակին։