Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղվարդցիները հայտնվել են «ատոմային ռումբի» վրա. Էկոլոգիական աղետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
gorcaran-nkar

Էկոլոգիական աղետ. Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները այլ խոսքով չեն նկարագրի ստեղծված իրավիճակը։ Փողոցից այն կողմ՝ բնակարաններից ընդամենը 50- մետր հեռավորության վրա «ԱրմՕյլ» ընկերությունը կառուցում է նավթավերամշակման գործարան, որը բնակիչների կարծիքով, իրենց տակ դրված վառոդով լի տակառ է։ «Քաղաքաշինական ոչ մի հիմնական նորմ պահպանված չի, բնակավայրից տառացի 20 մետր հեռու։ Էստեղ կլինի նավթամթերք, յուղ, սալյարկա, բենզին, մազութ, պահեստավորում են, հերմետիկ էլ չեն կարողանա փակել, որ չպայթի, էդ ամբողջ նավթամթերքի գոլորշին պիտի էստեղ մենք շնչենք։ Մեկը գոլորշու մեջ սիգարետ ծխելով անցավ, ի՞նչ կլինի, չենք հասցնի փախչել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է  Եղվարդի բնակիչ Հրաչ Սամսոնյանը։ Զոյա Հարությունյանն ավելացնում է. «Մեզ խաբեցին, ասեցին ինչ-որ պոպոքի յուղ են արտադրելու, ասինքն, դե հա, թող արտադրեն, վատ չի, մեկ էլ տեսանք սկսեցին մեծ բակերը դնել, յուղի ու բենզինի անունները հանեցին, նոր ենք իմանում՝ յուղի, բենզինի արտադրություն է լինելու, ես չեմ հասկանում... ատոմային ռումբ են բերել դրել մեր տակը»։ Տիկին Զոյան պատմում է՝ անվերջ ձգվող շինարարությունից, հողային աշխատանքներից առաջացած փոշուց շնչահեղձ են լինում։ Չի ուզում պատկերացնել՝ ինչ կլինի իրենց վիճակը մրի պատճառով. «Երկու ձև կա սրան. կամ իրենք են հեռանում, կամ մեզ փող են տալիս, ամեն հարկն արժի 100 000 դոլար, թող տան մեզ 200 000 դոլար ստեղից գնանք»,- ասում է տիկին Զոյան։  «Ձեր հավաքած համարն այս պահին անհասանելի է»,- անհասանելի բաժանորդը Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանն է։ Ոչ մի անգամ չի եկել, չի հետաքրքրվել ինչից են դժգոհում քաղաքացիները, բայց «ԱրմՕյլ»-ին թույլատրել է տարածքում նավթավերամշակման գործարան կառուցել։ «Մեր քաղաքապետը բացարձակ անտարբեր ա, բացարձակ չի հետաքրքրվում իր ժողովրդով։ Միակ ժամանակը, որ գալիս ա, էդ ընտրությունների ժամանակ, գիտենք, որ դա մեր քաղաքապետն ա»,- ասում է Ժենյա Գրիգորյանը։ Քաղաքապետից հույսը կտրած եղվարդցիներն ուղղվում են նավթավերամշակման գործարան՝ անձամբ բանակցելու տնօրենի հետ։ Առիթն օգտագործում են ցուցադրելու աղբանոցի վերածված մայթեզրը, նորից մեղավորը «ԱրմՕյլ»-ն է. «Ամբողջ էս տարածքը իրենց ատխոդներն ա, աղբանոց»,- մեկնաբանում է Հրաչ Սամսոնյանը։ Գործարանի պատին փակցված ցուցանակը հուշում է՝ շինթույլտվություն «Արմօյլ»-ն ստացել է դեռ 2016-ի հունվարին։ Բնակիչներին գոնե մեկ անգամ չհանդիպած Ալֆրեդ Աբեդին՝ գործարանի սեփականատերը, նախ չի ուզում լսել եղվարդցիների դիտարկումները. «Ես անտեղյակ մարդկանց հարցին պատասխան չեմ տա»։ Հետո հանգստացնում է՝ ինքը գործարանի կառուցման համար ունի բոլոր գերատեսչությունների թույլտվությունները։ Իսկ անտեղյակ մարդիկ գործարանի տիրոջը բացատրում են՝ անվտանգ չէ նավթավերամշակման գործարանը կառուցել թաղամասի հենց կողքին. «Ես մասնագետ չեմ, բայց որ այստեղ վառելանյութ ա էստեղ լցվելու, տնից 20 մետր հեռու, էդ ո՞ւմ կոտրած ձեռնա ստորագրել էդ ակտը»,- լսելով բողոքը, գործարանի սեփականատերը նշում է. «Ոչ մի վտանգ իրենից չի ներկայացնում, ինքը համապատասխանում ա միջազգային ստանդարտներին, նորմերին, ինքն ունի շատ ուժեղ հրշեջ ծառայության լուծումներ իր մեջ, բոլոր բաները նախատեսված են»։ Տարածքում են գտնվում էկո սննդամթերքի արտադրություններ, կաթնամթերքի գործարանը։ Հենց «ԱրմՕյլ»-ի գործարանի կողքին է գտնվում 100 հա  բերքատու ծառերի այգի։ Եթե նավթավերամշակման գործարանը աշխատի, բերքը հնարավոր չի լինելու օգտագործել։ «Նավթը մշակելու են, յուղը ստանալու են, բնականաբար ծառերին վնաս ա լինելու, թունավորում ա էտի»,- ասում է եղվարդցի Արթուր Թումասյանը։ «ԱրմՕյլ»-ի սեփականատերը մինչդեռ համարում է՝ տարածքում կան այլ գործարաններ, ինչը նշանակում է, որ սա արդյունաբերական տարածք է, և ոչ նախատեսված այգի հիմնելու։ Եղվարդցիներին այսպիսի տարածքները չեն բավարարում. իրենց թաղամասի տարածքում նավթավերամշակում թույլ չտալու համար կգնան ամեն քայլի, կսկսեն համապետական ճանապարհը փակելուց։