Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք լիովին պատրաստ ենք Վանաձորում գլխովին ջախջախել իշխանությունը. հայտարարություն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lusavor-hayastan

«Լուսավոր Հայաստան»-ի հայտարարությունը ուղիղ մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցած քաղաքական հանցագործության վերաբերյալ Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Վանաձորի նորընտիր ավագանու նիստին Հանրապետական կուսակցությունը, չունենալով ձայների մեծամասնություն, կատարեց մանդատագողության աննախադեպ ու խայտառակ ակտ՝ քաղաքապետ նշանակելով փաստացի չընտրված սեփական թեկնածուին: Մեկ տարի շարունակ Վանաձորում փաստացի տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով: Չկա աշխարհում գեթ մեկ օրինակ, երբ 33 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնում ընդամենը 15 անդամով ապահովեն քվորում և գումարեն նիստեր. սա բացարձակ ապօրինություն է, սա քաղաքական հանցագործություն է, որին ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է տա գնահատական՝ փակելով Հայաստանի քաղաքական համակարգում առաջացած վտանգավոր ճեղքը, քանի դեռ այն վերջնական նախադեպ չի դարձել Հանրապետության քաղաքական համակարգում։ Իրեն քաղաքային իշխանություն հռչակած մանդատագող կլանը, նույնիսկ չսպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը, ուժգնորեն լծվել է քաղաքային ռեսուրսները թալանելու հարազատ գործին, որի ամենավերջին դրսևորումներից մեկն ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման և պահեստամասեր ձեռք բերելու համար ահռելի և անհամաչափ ծախսերի պլանավորումն է: Սրա վառ օրինակներից մեկն այն է, որ միայն հնոտի Նիվա մակնիշի ավտոմեքենայի պահեստամասեր գնելու համար կծախսվի 964000 ՀՀ դրամ: Որպես իշխանական դիմակահանդեսի վառ դրսևորում՝ մանդատագողերի թատերախումբն օգտագործում է ցանկացած տեղական միջոցառում և տոն՝ հաղթահարելու համար սեփական լեգիտիմության դեֆիցիտի կոմպլեքսը, իսկ իշխանական վերնախավի ներկայացուցիչների հետ զվարթ ֆոտոսեսիաները քաղաքական ինֆանտիլության խղճուկ ցուցադրություն են, որոնք չեն լցնում սեփական քաղաքական դատարկությունը: Բազմիցս նշել եմ, որ մեկ տարի առաջ Վանաձորում տեղի ունեցած խայտառակությունը մեծ ճեղք ու վերք է Հայաստանի քաղաքական համակարգի վրա: Դրանով է պայմանավորված նաև, որ սույն թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուները գրեթե մասնակցության հայտ չեն ներկայացրել. քաղաքական համակարգը դեռ չի մարսել վանաձորյան վայրագությունն ու հուսահատության ախտը: Լուսավոր Հայաստան կուսակցությունը մնում է իր սկզբունքներին հավատարիմ և իր պայքարում հաստատակամ. մենք պայքարելու ենք Սահմանադրական դատարանում՝ հասնելու համար այս ապօրինության և անարդարության ճշմարիտ հանգուցալուծմանը: Մենք լիովին պատրաստ ենք նոր ընտրությունների և կարող ենք մրցակցային պայմաններում Վանաձորում գլխովին ջախջախել իշխանությանը։ Ես վստահ եմ, որ մենք փակելու ենք Վանաձորի կյանքի այս անփառունակ էջը՝ վերջ դնելով թալանին, անպատասխանատվությանն ու դիլետանտությանը: Եթե ես գեթ մի օր չհավատամ այն առաքելությանը, որն իրականացնում եմ, անմիջապես կլքեմ քաղաքականությունը: Մենք ունենք մեր երկրի զարգացման ընթացքը փոխելու հնարավորություն և կամք: Մեզ անհրաժեշտ է ավելացնել այն քաղաքացիների տեսակը, ովքեր պատրաստ են մեզ հետ անդադար և առանց հուսահատվելու պայքարել՝ կերտելու մեր երազանքների Հայաստանը, որտեղ մեկընդմիշտ կբացառվի այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ:   Էդմոն Մարուքյան Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր   10.10.2017թ.