Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն և Իրանը համաձայնագրեր են ստորագրել. վարչապետն ու Ջահանգիրին՝ հայտարարություններ արել (տեսանյութ)

Պաշտոնական
2-1-2

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի. «Բարի գալուստ ենք մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը: Մեր երկու երկրները գտնվում են մշակութային, քաղաքակրթային և աշխարհագրական նույն տարածաշրջանում, և մեր երկրների հարաբերությունները բխում են դարերի խորքից ու հիմնված են երկու ժողովուրդների և մշակութային ընդհանրությունների վրա: Մեր հարաբերությունները մշտապես հիմնված են եղել կայունության վրա, և Աստծո ցանկությամբ այդպես էլ կշարունակվի: Իրանի տարբեր քաղաքներում ապրող մեր հայ քաղաքացիներն ունեն ջերմ կապեր Հայաստանի Հանրապետության իրենց հայրենակիցների հետ, ինչը լավ կամուրջ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք մեր հարևանների հետ ունենք լավ հարաբերություններ, և դրանց զարգացման նպատակով կատարվել են լուրջ աշխատանքներ: Մեր հարևանների հետ վարվող արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանի Հանրապետությունն ունի իր հատուկ տեղը: Մենք Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության համար որևէ սահմանափակում չունենք, և Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսակետից կարող է հատուկ դեր ունենալ: Առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք կապահովեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է և լավ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ, ապա այս հարթակն երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության և տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով:  Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաև այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթան հանդիսանալ համագործակցության զարգացման համար: Կարծում եմ, որ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան հանդիսանալ: Շնորհակալություն»: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն Ջահանգիրի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պատվիրակության անունից ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Մենք մեր բարեկամ պետություն ենք եկել շատ լավ տրամադրությամբ: Ունեցել ենք շատ կառուցողական և առարկայական հանդիպումներ, վերահաստատում եմ, որ համակարծիք եմ պարոն Ջահանգիրիի ներկայացրած նյութի հետ: Մենք վերահաստատել ենք մեր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, և առարկայական խոսել ենք այդ բոլոր թեմաների շուրջ: Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները և հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին: Շնորհակալություն ենք հայտնել մեր իրանական գործըկներներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար: Կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ հասկացել են ինչ պետք է անել այլ հարթակներում, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովում, և պարոն Ջահանգիրիին մեծ սրտով հրավիրել ենք Հայաստան, որտեղ մենք պատիվ կունենանք ամփոփելու այն ժամանակահատվածը, որն այս այցից հետո մեր գործընկերների հետ համատեղ կանցնենք: Կարծում եմ, որ պարոն Ջահանգիրին կհաստատի, որ շատ լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից և շատ լավատես  ենք հեռանկարների առումով: Շնորհակալություն»:  Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են նաև մի շարք համաձայնագրեր: Մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն հայկական կողմից ստորագրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին: Հայաստանի մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության միջև ստորագրվել է մշակութային և գեղարվեստական փոխանակումների 2017-2020 թթ. ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Աբբաս Սալեհին: Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանն ու Մահմուդ Հոջադին ստորագրել են անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: ........................................ Կարեն Կարապետյանը և Ալի Լարիջանին բարձր են գնահատել հայ-իրանական քաղաքական երկխոսությունը   Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանը նախ փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի  ջերմագին ողջույնները և ավելացրել, որ Հայաստանը մշտապես կարևորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ալի Լարիջանին անհրաժեշտ է համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը և այդ գործում կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը: Այդ առումով զրուցակիցները ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման փաստը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն իր նպաստն է բերում նաև օրենսդիր մարմինների համագործակցությունը: «Իրանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են բարեկամական խորը արմատներով և մեր նպատակն է, որպեսզի երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը շարունակի զարգանալ: Առկա ճգնաժամերի պայմաններում միմյանց հետ ավելի շատ խորհրդակցելու անհրաժեշտություն կա, և այդ առումով ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր խորհրդարանական համագործակցության մակարդակից: Լիահույս եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին», -նշել է նա: Կարեն Կարապետյանն ասել է, որ շատ բովանդակալից հանդիպում է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շատ վճռական է տրամադրված իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական փոխգործակցության հարցում որևէ սահմանափակում կամ խոչընդոտ գոյություն չունի, և Իրանի խորհրդարանը շատ դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Նրա խոսքով՝ երկկողմ տնտեսական օրակարգը շատ հագեցած  է, և առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: 1 Կարեն Կարապետյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը՝ կարևորելով դրանում իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը: «Համոզված եմ, որ շատ մեծ հնարավորություններ ունենք կրկնապատկելու և անգամ եռապատկելու մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում», - ասել է ՀՀ վարչապետը: Կողմերն անդրադարձել են նաև  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ երկուստեք ընդգծելով, որ այն պետք է լուծվի բացառապես  խաղաղ բանակցային ճանապարհով: