Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ն պատժամիջոցները կվնասե՞ն Իրանին ու Հայաստանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
IRAN-HAYASTAN-NKAR

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ Հայաստանում այս այցը հույսեր է առաջացնում, որ տնտեսական հարաբերությունները մեռյալ կետից վերջապես առաջ կշարժվեն։  «Շատ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, իրանական կապիտալի՝ Հայաստան գալու հարցում։ Այն արտոնյալ ռեժիմները, որ Հայաստանն ունի, պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին»,- Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ ասուլիսում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հարաբերությունների զարգացման մեծ հույսեր է կապում. «Տնտեսական հարաբերությունները Հայաստան-Իրան հարաբերությունների ամբողջ ծավալում թերևս ամենախոցելի կետն է, որովհետև քաղաքական իմաստով մեր երկու երկրները չունեն որևէ խոչընդոտ և պահպանում են չափազանց բարձր հարաբերություններ»։ Վարչապետի այցի շրջանակում ստորագրվել են հուշագրեր՝ անասնաբուժական, գեղարվեստական-մշակութային եւ գիտատեխնիկական բնագավառներում։ Առավել լայնածավալ տնտեսական ծրագրերի քայլեր էլ են արվում։ Հայաստան-Իրան սահմանին ստեղծվում են ազատ տնտեսական գոտիներ։ Մի հանգամանք, որը կարող է դեպի Հայաստան ուղղորդել իրանական ներդրումների հոսքը. «Այն նաև որոշակի առումով կարող  հարթակ լինել մի կողմից եվրոպացիների ու ռուսական կողմի համար՝ հաստատվելու այստեղ և ավելի բարեպատեհ պայմաններով Իրանի հետ համագործակցելու»։ Վարդան Ոսկանյանի տվյալներով՝ Հայաստան-Իրան երկաթգիծ կառուցելու ներդրողներ գտնվել են։ Բացի այդ, Հայաստանը կառուցում է դեպի Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որը շահագործելուց հետո Հայաստան մտնող իրանական գազի ծավալները կավելանան 3-5 անգամ։ Իրականացման ենթակա հաջորդ ծրագիրը պետք է լինի Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանումը Եվրոպա. «Ակնհայտ է, որ Իրանը իրականացնելու է սեփական գազի Եվրոպա հասցնելու ծրագիրը, և շատ լավ կլինի, եթե դա արվի Հայաստանի միջոցով՝ ուղղակի նաև ռուսական կողմի մասնակցությամբ»,- ասում է իրանագետը։ Մի կողմից Հայաստանն ու Իրանը տնտեսական հարաբերությունները ջերմացնելու քայլեր են անում, մյուս կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է վերականգնել Հայաստանի հարավային հարևանի նկատմամբ պատժամիջոցները.  «Իրանյան վարչակազմը աջակցում է  ահաբեկչությանը և Մերձավոր Արևելք արտահանում բռնություն, արյունահեղություն և քաոս։ Ուստի մենք պետք է վերջ տանք Իրանի շարունակական ագրեսիային և միջուկային նկատառումներին»,- ասել է Թրամփը։ Եթե ԱՄՆ նախագահը չմեղմացնի դիրքորոշումն ու Իրանի նկատմամբ պատժամիջոցները  վերականգնվեն, արդյո՞ք Իրան-Հայաստան տնտեսական կապերը կրկին փակուղում չեն հայտնվի։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը մեկնաբանում է. «Հայաստան-Իրան հարաբերությունները մեզ համար ունեն կենսական և անվտանգային նշանակություն։ Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները պետք է առաջնորդի բացառապես սեփական օրակարգով, մեզ վրա եղել են և կլինեն ճնշումներ տարբեր կողմերից, բայց ակնհայտ է, որ մեր և Իրանի հարաբերությունները թե մեզ, թե Իրանի համար ունեն կենսական նշանակություն։ Մենք լուծում ենք մեր գոյության խնդիրը»։ Այս պայմաններում պահանջվում է Հայաստանի իշխանության ճիշտ աշխատանքը, որն ԱՄՆ-ին պետք է կարողանա հասկացնել Իրանի գերկարևորությունն իր համար։ Հայաստանն անվտանգ չէ առանց հզոր Իրանի, և Իրանն էլ ամուր չէ առանց զարգացած Հայաստանի։