Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սաքուլիկի համախտանիշ. նոր սերունդը եկել է փոխարինելու Գալուստ Սահակյանների սերնդին» (տեսանյութ)

Հասարակություն
hodvac

Ուսումնական հաստատությունները պետք է ապաքաղաքականացվեն, այլապես կրթական համակարգը շուտով կոչնչանա: Արդյունքի հասնելու համար մասնագետները օրենսդրական փոփոխությունների կարիք են տեսնում. «Օրենքով սահմանված է, որ  արգելվում է քարոզչությունը դպրոցներում, կրոնական քարոզչության արգելքի համար գրված է, թե ինչ սանկցիաներ են կիրառում, իսկ կրթական հաստատությունների դեպքում չկա ոչինչ գրված: Եթե մի օրենքով մի բան արգելում ենք, պետք է դրույթ լինի, որ արգելքը կյանքի կոչվի»,- ասում է Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արեւիկ Անափիոսյանը: Այս թեմայով խոսելու եւս մեկ առիթ եղավ օրեր առաջ՝ Մեղրիի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո: Ըստ մամուլի հրապարակումներից մեկի, այստեղ բոլոր ուսուցիչներին  ՀՀԿ անդամակցության տոմսեր են բաժանել: Դպրոցների քաղաքականացվածության մասին խոսակցությունները թեժացան 2017 թվականի ԱԺ ընտրություններից առաջ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակեց ձայնագրություններ, որտեղ դպրոցների տնօրենները խոստովանում էին, որ ՀՀԿ-ի օգտին ձայներ են հավաքել: Այս հրապարակումներից հետո անգամ համակարգում ոչինչ չփոխվեց։ «Հիմա անցել են լկտիության աշխատելաոճի՝ ում որտեղ ուզում՝ նշանակում են»,- ասում է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը: Տվյալ իրավիճակը ըստ բանախոսների չի փոխվի միայն  սերնդափոխության արդյունքում. «Տարոն Մարգարյանի թեզի ժամանակ բացահայտվեց «Սաքուլիկի համախտանիշը», որը հետեւյալն էր, որ նոր սերունդը եկել է փոխարինելու Գալուստ Սահակյանների սերնդին: Այսինքն՝ ոչինչ չի փոխվելու»,- նշում է  «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի  նախագահ Լեւոն Բարսեղյանը: Իրադրությունից հնարավոր կլինի դուրս գալ միայն երբ մարդիկ ոտքի կանգնեն ու հրաժարվեն ստիպողաբար դառնալ ՀՀԿ- ական: Ըստ որոշ տվյալների՝  վերջին 15 տարվա ընթացքում դպրոցից հեռացել է 22 հազար ուսուցիչ,  աշակերտների թիվը պակասել է 200000- ով: