Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատանքի համար չպետք է հոգեկան խանգարում ստանալ. Ջոն Մալկովիչ (տեսանյութ)

Մշակույթ
malkovich

Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչը Հայաստանում է՝ երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով: Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչը Խաչատրյանի  միջազգային   5-րդ փառատոնի մեկնարկային համերգին ներկայացնելու է հատված Էռնեստ Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ: Մենակատարը՝ դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան է: «Ես և Սերգեյը նման համագործակցության փորձ ունենք: Անցյալ և նախանցյալ տարի Սեուլում և Բուենոս Այրեսում ենք նման ձևաչափով հանդես եկել: Սա մի յուրատիպ ձևաչափ է, որը պետք է համակցի երաժշտությունն ու ասմունքը: Սակայն ասեմ, որ  սա բավական բարդ գործ է: Տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, այն պետք է կարողանալ զուգակցել երաժշտության հետ, որ նրանք փոխլրացնեն միմյանց: Այս դեպքում միայն տեքստը կարող է հարստացնի երաժշտությունն ու դարձնի ամբողջական: Ես շատ երկար եմ մտորում մինչև տվյալ տեքստի մասին որոշում կայացնելը»,-ասում է Մալկովիչը: Մալկովիչը սիրում է լսել դասական երաժշտություն, հատկապես կենդանի կատարմամբ: Ի դեպ, երիտասարդ տարիներին նա տուբայի վրա է նվագել, նաև կիթառ է նվագել. «Չշարունակեցի, քանի որ հասկացա, որ այդքան տաղանդ չունեմ,-խոստովանում է ամեն գործին իր իսկ խոսքով պրոֆեսիոնալ մոտեցում սիրող Մալկովիչը:-Առաջ ավելի շատ թատրոնն էր, հետո՝ կինոն: Հիմա ավելի նախընտրում եմ ռեժիսուրան, նաև որպես պրոդյուսեր եմ հանդես գալիս: Ոչ միշտ եմ գտնում ինձ դուրեկան սցենարներ, սակայն, ինչ-արած, աշխատում եմ»- ասում է հոլիվուդյան լեգենդը: Կինոդերասանի մասնագիտությանը Մալկովիչն ընդհանրապես վերաբերվում է որպես աշխատանքի, որը պետք է  ընդամենը մասնագիտորեն անել և ոչ թե այն աստիճանի նվիրվել ու տրվել, որ հոգեկան խանգարում ստանաս, հարցազրույցներից մեկում ասել է նա: Ինչ վերաբերում է հայաստանյան ելույթին և թե որքանով է ծանոթ Հայաստանին, Մալկովիչը պատասխանեց, որ ունի հայ ընկերներ, հայոց պատմության մասին հատուկ գրքեր չի կարդացել, բայց կարդացել է մի գիրք,  որտեղ խոսվում էր Զմյուռնիայի մասին, գիտի նաև Ցեղասպանության մասին. «Դե, ինչ կարելի է ասել այդ մասին… Ուղղակի զարմանում ես, թե  ինչպիսի ահավոր քայլերի են ունակ մարդիկ»: Հոլիվուդի լեգենդը, իր խոսքով, անհամբեր է սպասել այստեղ գալուն, սովորելունը սովորել է, ինչպես միշտ է անում: