Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողերի լվացում, մաքրում, փոխանցում՝ Սամվել Բաբայանի գործով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
samvel-babayan

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի  և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր փողերի լվացման մեջ  մեղադրվող  4 ամբաստանյալները՝ Ժորա Զաքարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Կարեն Քոչարյանը եւ Դավիթ Հարությունյանը հրաժարվեցին ցուցմունք տալ: Ամբաստանյալներից Ժորա Զաքարյանը նույնիսկ մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չցանկացավ հայտնել: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հարցրեց. «Պնդո՞ւմ եք ձեր նախաքննական ցուցմունքները, հիմա դատարանում ցուցմունք տալու ցանկություն չունե՞ք, իսկ հարցերին պատասխանելո՞ւ»:  Մեղադրողը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Ժորա Զաքարյանին Անդրանիկ Քոչարյանը  տրամադրել  էր մեկ 20 եվրոյանոց թղթադրամ՝ վրայի կարմիր բծերը վերացնելու համար, սակայն չէր  ստացվել:  Այնուհետեւ տրամադրվել է երկու հատ 20 եւ մեկ 50 եվրո արժողությամբ թղթադրամ: Սակայն դրանք ցանկացել է այլ նյութով մշակել եւ գումար է խնդրել: Դատավորը ընթերցեց  նրա նախաքննական ցուցմունքները.  «Տեղյակ չեմ, թե ինչպես էին օգտագործվելու իմ կողմից մաքրված թղթադրամները  Անդրանիկն ասել էր, որ ներկված թղթադրամները իրեն է տվել Կարենը, Անդրանիկի եղբայրը: Ես նրա հետ մոտիկ չեմ, սակայն գիտեմ, որ ուրիշ անձի համար էր տվել մաքրելու: Ես չեմ իմացել, որ նշված թղթադրամները պատկանում են Սամվել Բաբայանին»,- ասել էր Ժորա Զաքարյանը:  Անդրանիկ Քոչարյանն էլ,  ըստ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի, իրեն մասնակի է մեղավոր ճանաչում: Նա նշել էր, որ թղթադրամներն իրեն տրամադրել է եղբայրը:  Անդրանիկ Քոչարյանի եղբայր Կարեն Քոչարյանն էլ նախաքննության ընթացքում ասել էր, որ  եվրոները  իրեն տրամադրել է Սամվել Բաբայանը: Ամբաստանյալներից Դավիթ Հարությունյանն էլ իր կապերն էր օգտագործել, որպեսզի ՌԴ-ից, ըստ նախաքննական մարմնի, կեղծ 5000 եվրո գումարը փոխանցվի Հայաստան: Ըստ նախաքննական ցուցմունքի՝ նա գումարը ստացել է, սակայն  չի կարողացել փոխանցել Կարեն Քոչարյանին: ԱԱԾ աշխատակիցները նրան բերման են ենթարկել: Դատական հաջորդ նիստին արդեն ցուցմունքներ կտան Սամվել Բաբայանը, Սանասար  Գաբրիելյանը  եւ Արմեն Պողոսյանը: