Աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգը տպավորված է Արարատով (տեսանյութ)

Աշխարհի ամենահիասքանչ սոպրանո Ռենե Ֆլեմինգը  Հայաստանում է։

Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  հյուրը  աշխարհով մեկ սփռված շատ հայ ընկերներ ունի, և նրան միշտ զարմացրել է, թե որքան սերտ են հայերը կապված իրենց արմատներին, իրենց մշակութային ժառանգությանը։ Ուրախ է նաև, որ աշխատելու է Կոնստանտին Օրբելյանի հետ, որին համարում է մեծագույն երաժիշտ և մեծագույն ընկեր։

«Այն որ ես այստեղ եմ, նպաստել է ծանոթությունը Օրբելյանի  հետ, նաև ծանոթությունը ձեր մշակույթի հետ,-ասում է աշխարհահռչակ սոպրանոն։ Երեկ լսեցի Անուշ օպերայից հատված, շատ գեղեցիկ էր, անգամ ցանկություն ունեցա երգելու։

«Օպերայի հիանալի շենք ունեք և նվագախումբը հրաշալի էլ  կատարում, երաժիշտները շատ լավ պատրաստված էին։ Իրոք տպավորված եմ։ Իսկ առավել ինձ տպավորեց Արարատը»։

Ռենե Ֆլեմինգը կատարում է և ձայնագրել է ամենատարբեր ժանրի գործեր՝ օպերային արիաներից մինչև ռոք և ջազ։

«Ինձ համար ջազը և ռոքը ավելին է, քան էքսպերիմենտ, -ասում է երգչուհին, Եկեղեցում երգելով եմ մեծացել։ Կրքոտ վերաբերմունք ունեմ այն ամենին, ինչ վերաբերվում է ձայնին, սակայն իմ այցեքարտը մնում է Դվորժակի «Ջրահարսը»։

Ինչ վերաբերվում է ժամանակակից, խելահեղ բեմադրություններին, երբևէ չի մասնակցել, սակայն համոզված է, որ ամեն ինչ կախված է բեմադրիչից, նրա պրոֆեսիոնալիցմից։ Եթե կա ճիշտ մոտեցում, հնարավոր է,որ  հետաքրքիր բան ստացվի»։

Ռենե Ֆլեմինգի ելույթը, երևանյան հեռանկարների առաջիկա իրադարձային համերգն է, նաև մեր օպերային թատրոնը այս համերգով կնշի իր 85-ամյա  հոբելյանական տոնակատարությունների բացումը։