Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

Լեհաստանի հավաքականի հետ խաղում պարտությունը ֆուտբոլային էր դարձրել ԱԺ-ում կրքերը: Նորմալ ֆուտբոլային թիմ պահելու համար առնվազն կես միլիոնից մի միլիոն դոլար է պետք: Սա ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն միաժամանակ թվարկում ՀՖՖ նախագահի ներդրումները. «Հայրապետյանը այս տարիներին միայն ազնիվ ծառայել է հայկական սպորտին: Հայրապետյանի անձնական եւ պրոֆեսիոնալ ներդրման արդյունքում ունենք բազմաթիվ ակադեմիաներ, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում: Լավ կլիներ, երբ հաղթում էին՝ մյուս թիմերին, այդ ժամանակ ասեիք՝ կեցցե Հայրապետյանը»: «Մենք մտերիմներ ենք, ընկերներ ենք: Եթե դուք շփվեք նրա հետ, տեսնեք, թե ինչ սրտացավությամբ է նա անում իր աշխատանքը, որքան ծանր է տանում մեր թիմի պարտությունները, կհասկանաք, թե ինչու եմ այսպես մտածում»,- կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովամսյանը: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային վերջին խաղում 1:6 խոշոր հաշվով պարտվեց Լեհաստանի ազգային թիմին: «Ֆուտբոլ է. Բրազիլիայի պես թիմը 1:7 իր դաշտում պարտվեց Գերմանիային: Եթե բրազիլացիները կարող են 1:7 պարտվել, հայերը կարող են 1:6  էլ պարտվել: Ֆեդերացիան բոլոր պայմանները ստեղծել է: Ասենք, Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա՞»,- զարմանում է Էդուարդ Շարմազանովը: «Պիտի հուսանք, որ Եվրոպայի առաջնության նախնական փուլում մենք շատ ավելի կազմակերպված կլինենք: Մենք պետք է լուրջ մտածենք նաև մանկապատանեկան ֆուտբոլի մասին: Ինքս ունեմ տղա, որը 12 տարեկան է և ամբողջ հոգով, սրտով զբաղվում է ֆուտբոլով, և ես նպատակ ունեմ, որ ինքը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնա: Ես սիրում եմ ֆուտբոլը, ես ցավում եմ մեր ֆուտբոլի համար»,- ասաց Հրայր Թովմասյանը: ԱԺ միջանցքներում քննարկվող հիմնական թեման ֆուտբոլն էր, սակայն անդրադարձ եղավ նաեւ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ ԵՏՄ-ից դուրս գալու մասին քննարկմանն իրենց խմբակցության 7 անդամներով ջախջախեցին 70 հոգանոց ՀՀԿ խմբակցությանը: «Ինչ վերաբերում է ջախջախումներին, ապա  նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են, իսկ նրանք որևէ համայնքում համայնքապետի թեկնածու չեն առաջադրել: Իսկ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելով ջախջախիչ արդյունքի չեն հասնի»,- նկատում է Էդուարդ Շարմազանովը: