Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ վճռով ՀՀ կառավարությունը 3900 եվրո կվճարի

Քաղաքականություն
միեդ

«ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով ՀՀ կառավարությունը պարտավոր է ՄԻԵԴ վճռի հիման վրա դիմումատուին վճարել 3900 եվրո։ Դիմումատուն նախապես պահանջել է 64,003 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում (որից 2,263 եվրոն պահանջվել է ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի հատուցման համար, ուստի Եվրոպական դատարանը նշված գումարի հատուցման հարցը քննարկել է ծախսերի և ծախքերի շրջանակներում), 10,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 888 եվրո՝ որպես Եվրոպական դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում։ Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 2,400 եվրո ոչ նյութական վնասի դիմաց և 1,500 եվրո՝ ծախսերի և ծախքերի դիմաց: Խնդիրը հետևյալն է. 2007 թվականին Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) իրականացրել է դիմումատու ընկերության՝ «ՉԱՊ» ՍՊԸ-ի հաշիվների տեսչական ստուգում և ներկայացրել է  հաշվետվություն, որում նշվել է, որ վերջինս ունի մեծ հարկային պարտավորություն: ՀՊԾ–ն պահանջել է, որ ընկերությունը 10 օրվա ընթացքում պետական բյուջե վճարի 25,665,100 ՀՀ դրամ (մոտավորապես 51,000 եվրո)՝ ներառյալ տույժերն ու տուգանքները: ՀՊԾ-ն իր հաշվետվության մեջ նշել է, որ դիմումատու ընկերությունը չի տրամադրել ամբողջական տեղեկություններ իր հարկային պարտավորության մասին՝ թաքցնելով գովազդներից ստացված եկամուտը, ինչպես նաև հաշիվ-ապրանքագրերում չի ներառել իր ծառայությունների գները կամ չի պահպանել փաստաթղթերը, ինչպես պահանջվում է ՀՀ օրենքով: Ավելին, հաստատվել է, որ դիմումատու ընկերությունը, առանց կառավարության թույլտվության, հրագործական ապրանքներ է արտադրել և վաճառել: Դիմումատու ընկերությունն առարկել է հարկերից խուսափելու վերաբերյալ բոլոր պնդումներին՝ համարելով դրանք կեղծ և քաղաքական շարժառիթներով պայմանավորված, քանի որ պարտքերը հաշվարկելիս իշխանությունները հաշվի են առել ԳԱԼԱ ՀԸ-ի կողմից անվճար հեռարձակված տեղական արտադրության սոցիալական գովազդները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 15485/09 գանգատ) 2017 թվականի մայիսի 4-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 3900 (երեք հազար ինը հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի նոյեմբերի 4-ն է: