«Նաիրիտից հանվում են վերագործարկման համար անհրաժեշտ գործիքները» (տեսանյութ)

«Նաիրիտ» քիմիական գործարանը վերագործարկելու պահանջ՝ Սերժ Սարգսյանին։ Շուրջ 50 նաիրիտցիներ այսօր Բաղրամյան 26-ի մատույցներում էին։

 «Նաիրիտցիներն արդեն 2 տարի թափառում են առանց աշխատանքի։  Նաիրիտցուն ապրուստ է պետք, աշխատանք է պետք ընտանիքը պահելու համար»,- «Ա1+»-ին փոխանցում է գործարանի նախկին աշխատակից Սեդա Մատինյանը։

Նաիրիտցիները տարակուսում են՝ ինչու պետք է կառավարությունը երկարաձգի գործարանի վերագործարկման պահը՝ մերժելով ներդրումներ անել պատրաստ ընկերություններին։ Այդ ցանկությամբ դիմել էր «Եվրոպա-Ասիա» բիզնես հոլդինգը։

 «Ձգձգում են, կթալանեն կտանեն, հետո ներդրողը կգա կասեն, ինչն եմ առնում, դատարկ է, սարքավորումները չկան»,- ասում է Նաիրիտի Սառնարանային տեղամասի արտադրամասի նախկին պետ Գևորգ Դոլմազյանը։

Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, քիմիական գործարանը որակյալ կադրեր կկորցնի։ Վստահ է Գևորգ Դոլմազյանը. «Համապատասխան մասնագետներ ունենք, չնայած եթե ձգձգենք վերագործարկումը, հնարավոր է էդ մասնագետները չունենանք էլ։ Մի մասը ծերացել ա, մահանալ կա, որոշ մարդիկ էլ լքում են Հայաստանը»։

Նաիրիտում սնանկացման գործընթաց է,  ու գործարանից հանվում են վերագործարկման համար անհրաժեշտ գործիքներ, դա կարող է հետագայում անհնարին դարձնել քիմիական նախկին հսկայի վերագործարկումը. «Ինչ գիտենք, թե ինչ սարքավորում են տանում։ Էն, որը որ պիտի աշխատի, վերագործարկման համար պիտանի է, նա էլ էս մետալալոմի հետ բարձում են տանում»։

Մինչ նախագահական գալը նաիրիտցիները նաև Ազգային ժողովի շենքի մոտ էին։ Պատգամավորներին ուղղված նամակ փոխանցեցին։ Օրենսդիրի անդամներին կոչ են անում վերջնականապես որոշում կայացնել՝ Հայաստանին պե՞տք է քիմիական արդյունաբերություն, թե ոչ. «Ոչ մեկ չի գալիս ասի, էս ինչի՞ եք հավաքվել, չեն էլ հարցնում, բա էս մարդիկ էսօր հաց կերե՞լ են, եկել են ստեղ»,- ասում է Գևորգ Դոլմազյանը։

Պատգամավորների ու Կառավարության անկարողությունը նաիրիտցիներից ոմանց ներշնչել է՝ գրելու բանաստեղծություն։ «Ես մեր ազգային ժողովի պատգամավորներին մի բան եմ ուզում ասել։ Թռվռալեն գալիս եք, մեր դռանը լալիս եք, որ ձեզ ընտրենք պատգամավոր, մեր դարդերին հովանավոր, անց են կենում տարիներ, ձեր խոստումը դառնում անտեր, չեք էլ ուզում մեզ լսել… խելք ունեի՞ք` չընտրեիք»,- Նորիկ Ղահրամանյանն է հեղինակը։

Նաիրիտի նախկին աշխատակիցները բարձրաձայնում են նաև գործարանի նախկին ղեկավարության տարիներին ֆինանսական չարաշահումների մասին, ինչի պատճառով էլ Նաիրիտը դադարել է արտադրանք տալ։ Գևորգ Դոլմազյանն ասում է. «Ներդրումների համար մեզ գումար են հատկացրել, բայց գումարը տեղ չի հասել։  Մենք հիմա դատարան ենք տվել։ 35 միլիոն դոլարի գումարը պետք է հասներ գործարան, գնաց դանիական օֆշորային ընկերություն։ Ոչ մեկին պատասխանատվության չեն ենթարկել, որ ասեն, բա էս ո՞նց ա սենց։  Տիգրան Սարգսյանի եղբայրն էր, մեր զամդիրեկտորը»։

Նաիրիտի վերագործարկումն, ըստ նախկին աշխատակիցների,  անհնար է դարձել նաև այն պատճառով, որ նոր ներդրողներին Կառավարությունն առաջարկում է նախ փակել գործարանի պարտքերը։ Բայց իշխանությունը պետք է ընդունի, որ դրանք գոյացել են առաջին հերթին իր անտարբերության պայմաններում։