Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրակաշառքների ցուցա՞կ է, զորահավա՞ք, թե՞ դրամահավաք. ԱԺ-ում՝ Զիբիլիքսի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
cucak-1

ԱԺ այսօրվա նիստին  «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների մասին քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ սա, ըստ էության, օրենքի նոր նախագիծ է. «Վերջին 20-25 տարում այս օրենքը անընդհատ փոխել ենք։ Իսկ ի՞նչ ենք փոխել էության մեջ. հասարակության մեջ կա տարածված կարծիք, որ դատախազությունը հանցագործությունը կոծկող, ծածկող մարմին է։ Հիշենք Զիբիլիքսի հայտնի գործը` մեր հայտնաբերած 30 անուն փաստաթուղթը, որտեղ նշված էր ՀՀԿ կազմակերպած ընտրությունների կեղծման մեխանիզմը։ Հիմա գործը կարճվել է` պատճառաբանությամբ, թե դա հավաք-միջոցառման ցուցակ էր ընդամենը։ Մենք բողոքարկել ենք Գլխավոր դատախազին, սակայն բողոքը մերժել է։ Մենք ուզում էինք հասկանալ` դա ընտրակաշառքների ցուցա՞կ է, զորահավա՞ք է, դրամահավա՞ք է։ Մենք ասում ենք` այս ցուցակը դուրս է եկել ՀՀԿ նախընտրական շտաբից, սա հանցագործություն է»։ Նրանից հետո ելույթ ունեցող ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, իր ելույթում նշեց, որ քննարկվող այս նախագիծն ընդամենը դատախազի` որպես սահմանադրական մարմնի, գործառույթների թվարկումն է, որը կարգավորում է նրա փոխհարաբերությունները մյուս մարմինների հետ` ըստ ՀՀ նոր սահմանադրության։ Հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը եւս, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ նրա մատնանշած մտահոգությունները չեն փարատվի այս օրենքով, դրանք այլ ընթացակարգերով լուծվող հարցեր են։ Ի դեպ, այսօր Գեւորգ Կոստանյանի ծննդյան օրն է։