Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանի գործով տուժող է ճանաչվել 36 անձ (տեսանյութ)

Քաղաքականություն
andrias

«Ոտքի Հայաստան»    շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր հրապարակվեց մեղադրական եզրակացությունը:   Նա  մեղադրվում է նախորդ տարվա հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու, նրանց միանալու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու փորձի մեջ,  սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանին մեղադրանքի էությունը պարզ չէ. «Այսպես կոչված զանգվածային անկարգություններն ունեն շարունակություն, բայց չունեն սկիզբ: Ինչպես նաեւ սկիզբ չունեն պատանդներ վերցնելու, շենքեր գրավելու եւ ապօրինի զենք կրելու գործողությունները, սակայն պնդում են, որ այդ գործողությունները մնում են անավարտ ՝ ոստիկանության գործողությունների արդյունքում»,-  դատարանում հայտարարեց Անդրիաս Ղուկասյանը: Ըստ ընթերցված մեղադրական եզրակացության՝  Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը Ազատության հրապարակում  հանդես են եկել ելույթներով ու մարդկանց կոչ արել սատարել ՊՊԾ գունդը զավթած մարդկանց, իսկ Անդրիաս Ղուկասյանը մարդկանց կոչ է արել նաեւ  ճանապարհին քարեր վերցնել ոստիկանների վրա նետելու համար:  «Ինձ պարզ է, որ սա շինծուն մեղադրանք է, սուտ է»,- ավելացրեց նա: Առաջադրված 4 հոդվածներով էլ Անդրիաս Ղուկասյանը իրեն մեղավոր չի ճանաչում: Այսօր դատարանում քննարկվեց ապացույցների հետազոտման կարգը: Պաշտպանական կողմն առաջարկեց, որ սկզբում ցուցմունք տա Անդրիաս Ղուկասյանը, այնուհետեւ հետազոտվեն գործում առկա ապացույցները, դրանից հետո նոր միայն հարցաքննվեն տուժողները եւ վկաները: «Ոստիկանին մահակի հետ կապված հարց պետք է տանք, բայց հղում  կարող ենք կատարել, եթե դա հետազոտված ապացույց է»,- ասաց Կարեն Մեժլումյանը: Դատախազը դեմ էր պաշտպանական կողմի առաջարկած ապացույցների հետազոտման հաջորդականությանը:   Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն էլ  որոշեց, որ սկզբում կլսեն 51 վկաներին, 36 տուժողներին, այնուհետեւ  կհետազոտվեն ապացույցները , նոր ցուցմունք կտա Անդրիաս Ղուկասյանը: Դատավորի  սահմանած կարգը դուր չեկավ Կարեն Մեժլումյանին եւ հայտարարեց, որ հնարավոր է բացարկի միջնորդություն ներկայացնի: Անդրիաս Ղուկասյանի մյուս պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանն էլ հայտարարեց՝ դատավորն ամեն ինչ արեց մեղադրողի թելադրանքով: «Շինծու գործը,  որ բերվել է դատարան եւ փորձում են ստանալ անօրինական դատական ակտ, այս պահին  դատավորն արեց ամեն ինչ մեղադրական կողմին ցույց տալու համար, որ մենք ձեզ հետ ենք,   դատարանը ձեզ հետ է»,- ավելացրեց Ինեսսա Պետրոսյանը:   Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 10-ին: