Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոնսենսուս՝ -1. բացի Ելք-ից, բոլոր ուժերը ԵՏՄ ճանապարհն ընդունում են»

Քաղաքականություն
armen-rustamyan

ԱԺ նիստին այսօր Ելք խմբակցության նախագծի` ԵՏՄ կազմից ՀՀ դուրս գալու մասին եւ այդ նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին քննարկմանը ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով. «Այն, ինչ առաջարկում է Ելք-ը, այլ բան չէ, քան այն, որ Հայաստանը պետք է կատարի ռազմաքաղաքական շրջադարձ: Սա անում է մի ճանապարհով, որը շատ թերի է, որովհետև եթե մենք շրջադարձի մասին ենք խոսում, իսկ սա փաստացի շրջադարձ է, պետք է համոզվենք, որ դա կենսական անհրաժեշտություն է: Պետք է անվտանգության չափանիշով նայենք, որի թիվ մեկ անհրաժեշտությունն այսօր ունի Հայաստանը»: Նրա խոսքով` անվտանգությունն ունի բոլոր բաղադրիչները` թե տնտեսական, թե քաղաքական. «Այստեղ չի ասվում, եթե մենք կտրենք այդ թելը, ի՞նչ կլինի մեր տնտեսության հետ, չկա այդպիսի վերլուծություն այստեղ։ Ռազմական առումով որևէ հիմնավորում գոյություն չունի։ Այս նախագծին ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու: ԵՄ-ն ինքն իր վերաբերմունքը փոխել է: «Կամ-կամ»-ից հրաժարվել է և անցել է «և-և»-ի, իսկ դուք զարմանում եք, թե ինչու իշխանությունները դրան չեն համաձայնվում։ Դուք ընդդիմությանն էլ չեք կարողացել համոզել, այստեղ կոնսենսուս -1 է, որովհետև բացի Ելք-ից մնացած բոլոր ուժերը ճանապարհն ընդունում են»: ՀՀԿ խմբակցության անունից խոսեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` ներկայացնելով պաշտոնական թվեր, թե ինչքան է աճել ՀՆԱ-ն, ԵՏՄ արտահանման ծավալները, ինչպես նաև` ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները և ԵՏՄ երկրներ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալը. «Այստեղ այն տպավորությունն է, որ Ելք-ում մի մասը հստակ ասում է, որ պետք է դուրս գանք, կողնորոշված է, մյուս մասը դեմ է, և որպեսզի այդ հակասությունը դուրս չգա, երկու մասի են բաժանվել` դեմ լինողներն ասում են` տղեք, եկեք հանձնաժողով ստեղծենք, հասկանանք` արժե, թե չարժե: Հիմա նույն հռետորաբանությամբ ձեզ ենք դիմում` տղերք, արժե՞, թե՞ չարժե: Մեր քաղաքական վեկտորի մեջ փոփոխություն չկա, մենք պետք է համագործակցությունը շարունակենք ԵՏՄ հետ, ինչպես նաև` ԵՄ-ի և աշխարհի այն երկրների հետ, որոնց հետո կարող ենք»: