Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կան ավելի վատ պայմաններ ունեցող դպրոցներ». պաշտոնյան՝ փլուզվող դպրոցի մասին (տեսանյութ)

Հասարակություն
blic-1

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում շենքային պայմանները բարվոք չեն, խնդրի մասին բարձրաձայնել են աշակերտները և ծնողները,-այսօր հայտարարեց Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մամիկոն Աբգարյանը: Հիշեցնենք, դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը ծայրահեղ միջոցի՝ դասադուլի էին դիմել։ «Հանդիպել ենք մանկավարժների հետ, խնդրի մասին տեղյակ են նաեւ կառավարությունում: Գործընթացքը իրականացվում է եռահարկ շենքում, որտեղ 601 աշակերտի համար նեղ պայմաններ են»: Աբգարյանը նշեց, որ ինքը երեք ամիս է, ինչ պաշտոնավարում է եւ խնդրով անհանգստացած է: «Դպրոցում սովորում է 601 աշակերտ, 293-ը՝ տարրական դասարաններում և 308 աշակերտ 5-ից 9-րդ դասարաններում: Մինչ դասադուլ հայտարարելը, այդ մասին տեղեկացվել է մարզպետին, որը մոտ 30 անգամ հարց է բարձրացրել և քննարկել այս դպրոցի խնդիրները»: Մամիկոն Աբգարյանը միեւնույն ժամանակ նշում է, որ այդպես կտրուկ ասել, թե շենքային պայմանները վատ են, ճիշտ չէ: Կան ավելի վատ պայմաններ ունեցող դպրոցներ: Հիշեցնենք, դպրոցի դասասենյակները չեն համապատասխանում աշակերտների թվաքանակին, սանհանգույցները, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում են, դպրոցը չունի մարզադահլիճ: Դպրոցի շենքի մի հատվածն էլ փլուզման վտանգի տակ է: