Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 29 դեպք, արձանագրվել է ԼՂ-ում. ՀՔԱՎ

Հասարակություն
index5

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է վերջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂՀ պաշտպանության բանակում արձանագրված մահացությունների վերաբերյալ տեղեկանք: Տեղեկանքում ներկայացված են 2017 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված, ինչպես նաև մահացած զինծառայողների հարազատների կողմից տրամադրված տեղեկությունները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է մահացության 46 դեպք: Նրանցից 29-ը ժամկետային զինծառայողներ են եղել: 44 դեպքի վերաբերյալ եղել է պաշտոնական հաղորդագրություն, 2 դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն լրատվամիջոցներով: Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված մահացության դեպքերի գերակշիռ մասը՝ 29 դեպք, արձանագրվել է Լեռնային Ղարաբաղում: Ըստ Զինվորական քննչական գլխավոր վարչության հրապարակումների՝ 38 մահացության դեպքով հարուցվել են քրեական գործեր: Նրանցից ժամկետային զինծառայող Վարդան Մելքոնյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:  Հրադադարի ռեժիմի խախտման հետևանք են եղել արձանագրված դեպքերից 21-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 28 դեպքի համեմատ՝ 2017-ի առաջին 9 ամիսներին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը նվազել է: Սպանության, ինքնասպանության և դժբախտ պատահարների արդյունքում մահացության դեպքերի թիվը ևս նվազել է, փոխարենը զգալիորեն աճել է առողջական պատճառներով մահացությունների թիվը. նախորդ տարվա նույն ժամնակահատվածում արձանագրվել է 1 դեպք, իսկ 2017-ի սեպտեմբեր-հունվար ամիսներին՝ 4 դեպք: Ընդհանուր առմամբ՝ 2016 թ.-ի համեմատ՝ 2017 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերը նվազել են 7-ով, դժբախտ պատահարների հետեւանքով մահվան դեպքերը նվազել են 9-ով, սպանության դեպքերը նվազել են կրկնակի անգամ, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով մահվան դեպքերը նվազել են 1-ով: Վիճակագրական այլ տվյալներ և դեպքերի մանրամասն նկարագրությունները ներկայացված են ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ