Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ի հետ համաձայնագիրը ներդրումներ կբերի. Սվիտալսկի (տեսանյութ)

Մշակույթ
svitalski

«Հայերը կարող են հպարտանալ եվրոպական մշակույթի, եվրոպական ժառանգության մեջ իրենց հարուստ ներդրումով: «Եվրոպական ժառանգության օրերի» միջոցառումները պատեհ առիթ են` ցույց տալու, թե որքան հարուստ է Հայաստանի ներդրումը եվրոպական ընդհանուր ժառանգության մեջ: Օրինակ, Եվրոպայի բարձրագույն հաստատություններում ապագա ճարտարապետները պարտավոր են ուսումնասիրել Զվարթնոցի տաճարը, իսկ կոնսերվատորիաների սաները` Կոմիտասի  ստեղծագործությունները»,- ասում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան, Պյոտր Սվիտալսկին, որը ներկա էր «Եվրոպական ժառանգության օրեր» ամենամյա միջոցառմանը, որն այս տարի անցավ «Ժառանգությունը և բնությունը» խորագրով։ Բացումը Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում էր, որը ազգությամբ լեհ Պյոտր Սվիտալսկու համար խորհրդանշական էր ։ Դենդրոպարկը 1933 թվականին հիմնել է լեհ ինժեներ-անտառագետ Էդմոն Լեոնովիչը և մինչև 1984-ը տնօրենն էր։ Նրա գործը շարունակեց որդին՝ Վիտալի Լեոնովիչը, որը դենդրոպարկի ներկայիս տնօրենն է: Աշխարհի տարբեր անկյուններից այստեղ բերված էր մոտ 2500 ծառատեսակ, որից տրածաշրջանին հարմարվել են մոտ 500-ը:  Այսօր 35 հեկտար մակերես ունեցող Դենդրոպարկը, որ ստացել է հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ, ունի ընդամենը մեկ տասնյակ աշխատող, որոնց ջանքերն ուղղված են այգին մաքուր և բարեկարգ վիճակում պահելուն: Այս տարի 20-25000 մարդ է այցելել Դենդրոպարկ։ «Ներկայումս բազմաթիվ երկրներ աշխատում են օդի մաքրման տարբեր ֆիլտրներ հայտնաբերելու ուղղությամբ, սակայն լավագույն ֆիլտրը ծառն է», - ասում է Վիտալի Լեոնովիչը։ Պյոտր Սվիտալսկին այցելեց նաև «Լոռի» պատմամշակութային արգելոց-թանգարան։ «Այսօր խոսում ենք բացառապես բնության և մշակույթի մասին։ Երբ ԵՄ –ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ստորագրվի, խթան կստանանք ավելի խոր համագործակցության և ներդրումների թե մշակույթի, թե բնապահպանության ոլորտներում։ Մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ, որ Հայաստանի և Եվրոպայի միջև կապերն ամրանան: Այսօր հիասքանչ օր է, շատ տպավորված եմ»,- ասաց դեսպանը։ Նրա խոսքով՝ այս միջոցառումները ցույց տվեցին, որ կամուրջը Հայաստանի և Եվրոպայի միջև, իրոք, շատ ամուր է: