Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ Գումբուրդոյի խաչքարը կտեղադրվի (տեսանյութ)

Քաղաքականություն
gumburdo

Վրացական Գումբուրդո գյուղում խաչքարի պատճառով տեղի ունեցած բախումները Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը ազգամիջյան չի համարում. «Այդտեղ եղել է անհամաձայնություն, պարզապես զուտ քաղաքացիական վեճ»: Գումբուրդո գյուղում քաղկեդոնական մի եկեղեցու տարածքում հայերը փորձել են տեղադրել առաքելական խաչ, որը չեն ողջունել տեղացի վրացիները: Խաչը տեղադրելու առիթ է եղել եկեղեցու տարածքում առկա գերեզմանոցը, որտեղ շինարարություն է ընթանում եւ հայ հանգուցյալների ոսկորները վերահուղարկավորելու խնդիր կա. «Առաջարկություն է եղել մեր կողմից գերեզմանների ոսկորներն, այսպես ասած, նորից հուղարկավորվեն եկեղեցու տարածքում եւ նորից խաչքար տեղադրվի»: Ըստ Վահրամ Բաղդասարյանի, այս պահի դրությամբ հարցը գտնվում է հոգեւոր դաշտում, իսկ հոգեւորականները կարողանում են հարցը հանգիստ լուծել: Համենայնդեպս հայերի եւ վրացիների բախումներն, ըստ նրա, քաղաքական պատճառներ չունեն. «Իհարկե, վիճաբանությունը բավականին երեւի տաքարյուն է եղել, երիտասարդներ են եղել, տաքարյուն, վիճաբանությունը մի քիչ տհաճ հետեւանքներ է ունեցել, այդ կապակցությամբ Ներքին գործերի նախարարը Վրաստանի, անվտանգության տեղակալը նրանք ժամանել են գյուղ»: Հենց հիմա գյուղում իրավիճակը, պարոն Բաղդասարյանի տեղեկություններով, հանգիստ է, պատգամավորը չի բացառում, որ խաչքարը կտեղադրվի. «Ինձ թվում է՝ մեր բարեկամության վրա դա չի կարող որեւէ խոչընդոտ հանդիսանալ»: Հանրապետական պատգամավորն ընդունում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել հայերի եւ վրացիների միջեւ, բայց ոստիկանությունը կողմերից ոչ մեկի օգտին չի գործել. «Նման վիճաբանություններ կարող է լինել եւ հայերը հայերի միջեւ, եւ վրացիները՝ վրացիների»: Վերջին խոսքն, ըստ նրա, պատկանում է հոգեւոր առաջնորդներին, բացառված չէ, որ վրացահայ թեմի առաջնորդը հանդիպի Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդի կամ նրա ներկայացուցչի հետ վերջնական պայմանավորվածության համար: Ի դեպ, պատգամավորն անդրադարձավ նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանի նշանակման հետ կապված խնդրին. «Մենք ունենք աշխատող դեսպան, որն ունի հիվանդություն եւ հիվանդության պատճառով նա շատ ակտիվ չի կարողանում ակտիվություն ցուցաբերել»: Մինչդեռ հայտնի է, որ Հայաստանի դեսպանի ագրեմանը 4 ամիս է վրացական կողմը չի ընդունում: Վրացական կողմի փորձագետները նշում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ վրացական կողմը խնդիր է տեսնում դեսպանի թեկնածու Սերգեյ Մինասյանի անձի հետ կապված եւ նոր դեսպան նշանակելու ժամանակն է: Դեսպանի փոփոխության մասին տեղեկություններ առայժմ Վահրամ Բաղդասարյանը չունի:   Լուսանկարը՝ «ԱլիքՄեդիա»-ի