Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում քաղհասարակության գործունեության տարածքը կրճատվում է. Ա. Սաքունց

Քաղաքականություն
73c6f565297eb9432ee568acc5ec149c

«2013թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կայացված որոշմամբ Եվրասիական տնտեսական միություն մտնելու և դրան հաջորդած 2015թ. Սահմանադրական փոփոխությունների համատեքստում թե օրենսդրության, թե պրակտիկայի մակարդակում ՀՀ-ում զգալիորեն սահմանափակվել է քաղաքացիական հասարակության արդյունավետ գործունեության տարածքը և հնարավորությունը». այս մասին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային ոլորտում հանձնառությունների իրականացման շուրջ 2017 թ. հանդիպման (HDIM) շրջանակում հայտարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը: 2017 թ. սեպտեմբերի 19-ի իր ելույթում՝ Ա. Սաքունցն անդրադարձել է ՀՀ-ում քաղաքացիական հասարակության գործունեության տարածքի կրճատման միտումներին: Վերջինս անդրադարձել է 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ սոցիալական, տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հարցում արձանագրված հետընթացին, հասարակական կազմակերպությունների մասին օրենքով հանրային շահը դատական ատյաններում ներկայացնելու սահմանափակումներին, այդ օրենքով ի սկզբանե սահմանված՝ պետության կողմից ՀԿ-ների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության ռիսկին, որը քննարկումների արդյունքում որոշվեց տարածել միայն պետության կողմից ֆինանսավորում ստացող ՀԿ-ների վրա: 2016 թ. մայիսին ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքով դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումների համատեքստում Ա. Սաքունցը նշել է, որ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների համար կանոնադրության մեջ մարդու իրավունքների մասին դրույթ ունենալու պահանջ է ներկայացվել, իսկ ԶԼՄ-ներին՝ սահմանափակ թվով լրագրողներ հավատարմագրելու պահանջ: Այս համատեքստում նշել է նաև հանձաժողովի անդամների քվեարկությամբ դիտորդին կամ ԶԼՄ ներկայացուցչին տեղամասից դուրս հրավիրելու իրավունքին, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից ընտրությունների արդյունքները բողոքարկելու կամ այլ բողոքներ ներկայացնելու իրավունք չսահմանելուն: Իսկ փոփոխված ընտրական օրենսգրքում այլ անձի փոխարեն քվեարկության դեպքի մասին դիմում ներկայացնելու իրավունք ամրագրելու առնչությամբ նշել է, որ միաժամանակ դրա համար նաև սուտ մատնության հոդված է նախատեսվել ՀՀ Քրեական օրենսգրքում, ինչին ևս, Ա. Սաքունցի գնահատմամբ, կարելի է վերագրել ՀՀ ԱԺ 2017 թ. ապրիլի ընտրությունների ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու մասին միայն մեկ դիմում ներկայացված լինելու  հանգամանքը: Ա. Սաքունցն անդրադարձել է նաև, այսպես կոչված, «կեղծ» դիտորդական առաքելություններին, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ բռնություների և մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքերին: «Սասնա ծռեր» խմբի անդամների գործերով իրավապաշտպանության ինստիտուտի տարբեր օղակների սահմանափակումների համատեքստում Ա. Սաքունցը նշել է, որ 2017 թ. հունիսի 28-ին դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամներին բռնության ենթարկելուց հետո քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական դիտորդական խմբին արգելել են տեսակցել նրանց, իսկ նրանց փաստաբաններին ապօրինի խուզարկության են ենթարկում: Թեմայի շրջանակում անդրադարձ է եղել դիտորդություն իրականացնող խմբի գործունեությանն սպառնացող մեկ այլ ռիսկի ևս. ՀՀ Արդարադատության նախարարության օրենքի նախագծով ի սկզբանե առաջարկված, բայց չընդունված դրույթին, որով Նախարարությունն առաջարկել է Խմբի անդամներին ընդունել ոչ թե հենց Խմբի կողմից, այլ Արդարադատության նախարարության: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝   Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ