Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաքերային հարձակումներ՝ արդեն թեյնիկի, լամպի կամ ավտոմեքենայի միջոցով (տեսանյութ)

Բարձր տեխ.
computer-typing

Որքան արագ է զարգանում համացանցը, այնքան շատանում են վտանգները։ Նույնիսկ սոցիալական հարթակում լուսանկար տեղադրելիս օգտատերը պետք է երկար մտածի։  «Եթե այդ լուսանկարում հետևի պլանում կան սարեր, մարդու տեղը հնարավոր է բացահայտել»,- ասում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Գրիգոր Սաղյանը։ Սա ինտերնետ տարածքի անվտանգության հարցերից ամենատարրականն է։ Համացանցի բնակիչների ամեն քայլն ու տվյալները պահպանվում են ու կարող են օգտագործվել ոչ դրական նպատակներով։ Այսօր արդեն հնարավոր է հեշտորեն իմանալ, թե որտեղ է ապրում կամ աշխատում օգտատերը. «Եթե ձեր սմարթֆոնի մեջ միացված է GPS-ը, ապա ձեր տեղաշարժը գրանցվում է։ Պարզ է՝ եթե 8 ժամ չես շարժվում, նշանակում է դա ձեր տունն է։ Եթե ամեն օր գնում ես ինչ-որ տեղ ու քիչ ես տեղաշարժվում,ուրեմն դա ձեր աշխատանքի վայրն է»,- ներկայացնում է Գրիգոր Սաղյանը։ Քչերն են դիմակայում անվճար WiFi ցանցի միանալու գայթակղությանը՝ հաշվի չառնելով ռիսկերը։ Պարոն Սաղյանի խոսքով`Ձեր սարքի տվյալները կարող են օգտագործվել ի չարս. «Եթե դու միանում ես բաց WiFi կետի, ապա քո ամբողջ  տեղեկատվության փոխանակումը դառնում է հասանելի երրորդ կողմին։ Անհրաժեշտ են ինչ-որ միջոցներ անցկացնել ձեր համակարգիչ, որ չկարողանան հասնել»։ Ամեն անգամ, երբ որևէ երկրի տեղեկատվական ենթակառուցվածքների վրա հաքերային հարձակում է տեղի ունենում, Հայաստանում հիշում են անվտանգության մասին։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ հաքերներն արդեն չեն բավարարվում որևէ կայքում այս կամ այն պետության դրոշը տեղադրելով. «Հայաստանում նմանատիպ հարձակում է տարածված, երբ դրսի գործընկերոջ հետ գործառույթների մեջ հաքերն է մտնում, և երբ արդեն պետք է բանկային վճարում գնա, պարզապես ուրիշ հաշվեհամար են տալիս մեյլով ու այստեղ կորուստները շատ լուրջ են»։ Մարդու վրա հաքերային հարձակումների կետերը գնալով շատանում են։ Սմարթֆոնից ու համակարգչից բացի թիրախ կարող են դառնալ համացանցին կպած թեյնիկը, լամպը կամ ավտոմեքենան։ «Մեքենայի վրա հարձակումների միջոցով կարելի է մարդուն փաստացի ֆիզիկապես վերացնել»,- ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետը։ Բայց այս ամենից պետք չէ վախենալ ու հրաժարվել տեխնիկա օգտագործելուց, հանգստացնում է Սամվել Մարտիրոսյանը. «Փորձը ցույց է տալիս, որ հարձակումների գերակշռող մասը կարող էր չլինել կամ հաջողված չլինել, եթե մարդ ուղղակի մինիմալ գիտելիքներ ունենար»։ Համացանցում անվտանգ շրջելու մինիմալ գիտելիքներ հանրակրթական դպրոցներում հազիվ թե տրամադրվում են։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավարը պնդում է՝ տեղեկատվական անվտանգություն երեխային պետք է սովորեցնել ոչ թե ավագ, այլ սկսած տարրական դասարաններից։ Ժամանակի պահանջներից հետ է մնացել նաև ինֆորմատիկա առարկայի դասագիրքը, ասում է Գրիգոր Սաղյանը. «Շատ դեպքերում դասատուները հետ են մնում երեխաներից։ Եթե ամեն երեխա հեռախոսում ունի անդրոիդ, ի՞նչ են սովորեցնում երեխաներին, մենք գիտենք։ Ինչպե՞ս է աշխատում հաշվիչ մեքենան, այսօր դա արդիական չէ»։ Համացանցն այնքան արագ է զարգանում, որ պետական մարմինները պարզապես չեն հասցնում մշակել համապատասխան օրենսդրություն։ Հայկական Ինտերնետ կառավարման 3-րդ համաժողովի մասնակիցներն իրենց գաղափարներով ու առաջարկ-լուծումներով գալիս են օգնելու կառավարությանը։ Դրանք կմշակվեն ու կներկայացվեն գործադիրին։