Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրվել են ամենաքեֆչի և հյուրասեր փռնչիները

Հասարակություն
potato

Այսօր` սեպտեմբերի 30-ին, Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի տարածքում անցկացվեց «Մեծ փուռ 2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Տարվա մեջ արևային օրերի առավելագույն քանակն ապահովող տարածաշրջանի սևահողերում գյուղացին մշակում է համեղ և որակյալ կարտոֆիլ: Կարտոֆիլը, որը սնվում է արևի ջերմությամբ, մշակողի հոգատարությամբ և լավագույն հողի ուժով, ոռոգվում առասպելական լեռ Աժդահակից հոսող բյուրեղյա սառնորակ ջրով, դառնում է հայկական խոհանոցի` հացին համարժեք  մասնիկը: Գանձակ, Սարուխան և Կարմիրգյուղ համայնքների կարտոֆիլ արտադրողների 11 խումբ և անհատ ֆերմերներ կազմակերպեցին հենց այս ապրանքատեսակից պատրաստված «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն: Փառատոնի ժամանակ ֆերմերները ներկայացրին կարտոֆիլից պատրաստված շուրջ 50 կերակրատեսակ, ինչպես նաև տարածաշրջանին բնորոշ ավանդական քյուֆթան, ձուկը, փախլավան, գաթան և շաքար լոխումին: Արիշտայի պատրաստման տաղավարում այցելուները հնարավորություն ունեցան տեսնելու և մասնակից լինելու արիշտայի պատրաստման արարողությանը: Փառատոնի այցելուների համար անակնկալ էր կարտոֆիլից պատրաստված հացը: «Փառատոնը հիանալի հնարավորություն է նպաստելու գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, իսկ միջոցառումը նպատակ ունի աջակցել կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացմանը տարածաշրջանում և սատարել տեղական արտադրողների եկամուտների ավելացմանը»,- նշում է Վորլդ Վիժն Հայաստանի Գեղարքունիքի մարզի զարգացման ղեկավար Վարազդատ Սարգսյանը: Միջոցառումն ուղեկցվեց ժողովրդական երգ ու պարով, կազմակերպվեցին տարբեր մրցույթներ` «Լավագույն Փռնչի», «Ամենաքեֆչի փռնչի» և «Ամենահյուրասեր փռնչի» անվանակարգերում, մրցանակ ստացավ նաև «Լավագույն տաղավարը» ներկայացնող խումբը: Անակնկալներով լի համահայկական «Մեծ փուռ»-ն արդեն ապացուցել է, որ կարող է այցելուների համար դառնալ անփոխարինելի և անկրկնելի հուշ: Վորլդ Վիժն Հայաստան