Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանի ընտանիքի շահը չի կարող համաձայնեցվել Եվրոպայի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Bostanjyan-Vardan

«Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն իր բարեկամներին նշանակել է կառավարության անդամներ. «Մարդիկ ուրեմն պետք է կառավարման համար ունենան վստահելի ուժեր, պետք է ունենան խելոք մարդիկ, եթե դրանք հանկարծ հայտնվեն բարեկամության մեջ, մեղավո՞ր են»: Պարոն Բոստանջյանը չի բացառում, որ բարեկամներին նախարար նշանակելը հակասում է ժողովրդավարությանը. «Երեւի դա տվյալ ընտրության լավագույն ձեւն է»: Ընդդիմադիր պատգամավորը չէր մտահոգվի, որ Արեւմուտքը նման բաներ չի սիրում, ինքն ընդհանրապես վերապահումներ ունի ամեն ինչին Եվրոպայի աչքով նայելու գաղափարին. «Կարող  ա ասենք՝ նման չենք Եվրոպային: Խի՞ պիտի նման լինենք: Մենք պետք ա նման լինենք մեզ»: Բակո Սահակյանն իր ընտանիքի շահերը կամ նպատակները չի կարող համաձայնեցնել Եվրոպայի հետ,-ասում է ծառուկյանական պատգամավորը, մենք այնպիսի բարդ տարածաշրջանում ենք եւ չենք կարող առաջնորդվել եվրոպական չափանիշներով. «Իսկ մեր շահերը տվյալ պարագայում պահանջում են այլ բան, քանց թե Եվրոպայի այսպես կոչված իբր արդարացված կամ երաշխավորված մոտեցումները»: Լյուքսեմբուրգն, օրինակ, կարող է դեմ լինել առաջնորդի ընտանիքի անդամներին պետական բարձր պաշտոն ստանալուն, բայց հայերը չեն կարող. «Տրանսպորտային դժվարություններ ունենք մենք, ընդերքը հարուստ չի մեր, չունենք նավթ, գազ, էս բոլորը բնականաբար իրենց ազդեցությունն են ունենում կառավարման համակարգի վրա»: Համենայնդեպս ընդդիմադիր պատգամավորը Լեռնային Ղարաբաղը չի համեմատի Հյուսիսային Կորեայի հետ, որտեղ նույնպես նախագահը ամենաբարձր պաշտոններում նշանակում է իր հարազատներին. «Եթե ինձ հանձնարարված է իմ ազգին ղեկավարել: Եթե ես հասկանամ, որ իմ տղան ավելի լավ է ղեկավարելու, քան թե մնացած այն մարդիկ, ուրեմն ինքը կլինի ղեկավարը: Ուրեմն էն բանի համար, որ ինքը իմ տղան է, իրավունք չունի՞ որոշում կայացնելու»: Միակ բանը, որը չի ողջունի խորհրդարանի անդամ Վարդան Բոստանջյանը՝ դա միանձնյա որոշելն է, որ փեսան կամ աներորդին պետք է դառնան նախարար: