Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վտանգված է ՀԿ-ների ֆինանսական կայունությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
nkarrr

Համաձայն Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի ուսումնասիրության՝ ՔՀԿ-ները անկայուն ֆինանսավորման պատճառով հաճախ կիսատ են թողնում հասարակության բարօրությանը միտված աշխատանքը։ Այսպիսով՝ վտանգված է հայաստանյան հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունությունը։ Փորձագետ Տաթևիկ Մարգարյանը ներկայացնում է. «Երբ դրամաշնորհն ավարտվում է, նրանք ստիպված են իրենց աշխատակազմը ցրել կամ պահել որպես կամավոր։ Այն ՀԿ-ները, որոնք փորձում են առաքելությանը նվիրված աշխատանք անել, նաև՝ նվիրված աշխատանք են անում, մնում են ՀԿ-ի հետ            որպես կամավոր, բայց հիմնականում ՀԿ-ները դժվարանում են իրենց գործունեությունը ծավալել»։ Արևմտյան զարգացած պետություններում ձևավորված մշակույթ է, երբ աշխատող քաղաքացին նվիրատվություն է անում այս կամ այն ՀԿ-ին։ Ըստ Տաթևիկ Մարգարյանի՝ դա իսկական փրկություն կլիներ Հայաստանի քաղաքացիական հասարակության  դեպքում. «Կան մարդիկ, որ պատրաստ են գումար տալու, բայց ՀԿ-ները չեն կարողանում ձեռք բերել այն վստահությունն ու իմիջը հասարակությունում, որ մարդիկ պատրաստակամ լինեն շարունակաբար իրենց աջակցել»։ Հասարակական կազմակերպությունները գոյատևում են հիմնականում միջազգային դոնորների ֆինանսական օգնության հաշվին։ Բայց քաղաքացիական հասարակությանն աջակցության ծրագիր ունի նաև պետությունը։ Ըստ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի հետազոտության՝ պետական ֆինանսավորում ստանում են այն հիմնադրամները, որոնց կազմում հենց պետական պաշտոնյաներ են։ Դեռևս չլուծված հարց է ֆինանսական թափանցիկությունը. պետական գերատեսչությունները հիմնականում թաքցնում են, թե որ կազմակերպությանը՝ ինչքան դրամաշնորհ են հատկացրել. «10 տարուց ավելի բյուջեով դրամաշնորհի նախատեսվում են նույն կազմակերպությունները, ու մենք չգիտենք այդ կազմակերպությունները, որքանով են արդյունավետ  այդ գումարները տնօրինում և ինչու են հենց նրանք ընտրվել»,- ասում է Տաթևիկ Մարգարյանը։ Ֆինանսական կայունությունը իրականացված ուսումնասիրության մեկ ցուցանիշն է միայն։ 6 այլ գործոնների կողքին հետազոտվել է նաև ՀԿ-ների գործունեության դաշտը։   «Հավաքների ժամանակ լինում են ճնշումներ, 2016-ին Սասնա ծռերի հետ կապված դեպքերի ժամանակ բավականին շատ բռնության դեպքեր եղան ոստիկանների կողմից և ցուցարարների նկատմամբ, և լրատվամիջոցների նկատմամբ»,- ասում է փորձագետը։ Այսուամենայնիվ՝ հայաստանյան ՀԿ սեկտորը առաջատար դիրք է զբաղեցնում հետխորհրդային տարածքի երկրների շարքում, երկրորդը՝ Ուկրաինայից հետո։ Հետնապահներ են Ռուսաստանը, Բելառուսն ու Ադրբեջանը։  «Ադրբեջանի զեկույցը կարդալիս նշված էր, որ կազմակերպությունների 2/3-ը առհասարակ փակվել են, և հնարավոր չէ այնտեղ աշխատել։ Բելառուսում էլ յուրաքանչյուր գրանտը պետք է դիմել կառավարությանը, որպեսզի գրանցվի և թույլատրի իրականացնել այդ դրամաշնորհը»,- ներկայացնում է Տաթևիկ Մարգարյանը։ Հայաստանում 2016-ին ընդունվեց և 2017-ի փետրվարից ուժի մեջ մտավ  ՀԿ-ների մասին նոր օրենսդրություն։ Կան մի շարք նորամուծություններ՝ ՀԿ կարելի է գրանցել մեկ պատուհանի սկզբունքով՝ առավելագույնը 10 օրում, բացի այդ՝ հասարակական կազմակերպություններին այլևս չի արգելվում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ 2016-ի տվյալներով՝ Հայաստանում գործում է 4573  ՀԿ, փորձագետների գնահատմամբ՝ ակտիվ է նրանց 20%-ը միայն։