12-ամյա պարտադիր կրթությունը եզդիների շրջանում խնդիրներ կառաջացնի (տեսանյութ)

ՀՀ-ում 12-ամյա պարտադիր կրթությունը երկրում ապրող եզդիական համայնքում հակասական մոտեցումներ է առաջ բերել։

Եզդիական համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց, որ կողմ է օրենքին. «Մեր կրոնական տեքստերը, որոնք չափածո են, ասում են, որ մենք պետք է կրթվենք։ Մենք հակված ենք դեպի կրթություն։ Ասել, թե մեր ավանդույթները գովելի են կրթության առումով, անազնիվ կլինի։ Այո, հաճախ, նույն ավանդույթները խոչընդոտ են հանդիսանում։ Երեխաները շատ հաճախ կանոնավոր չեն հաճախում։ Կրթություն ստացող հատկապես եզդի աղջիկների թիվը ավելացել է, նույնիսկ բուհերում է նրանց թիվն ավելի մեծ։

Չկրթվելը միայն մեզ վնասում է։ 40 հազար եզդի կա ՀՀ-ում, սակայն բարձրագույն կրթության առումով ամենավերջին տեղում ենք։ Մեղավորը մեր համայնքն է, մեր մտավորականությունն է։ Մեր նման փոքր ժողովուրդների փրկությունը կրթության մեջ է։ Այս առումով մենք բարդությունների ենք բախվելու, երբ հաստատվի 12-ամյա կրթական համակարգը, հատկապես աղջիկների շուտ ամուսնության հետ կապված»:

Ի դեպ, օրենքով, եթե երեխան չի հաճախում դպրոց, ծնողը կտուգանվի։
Համայնքի մեկ այլ ներկայացուցիչ, Կոտայքի մարզի դպրոցներից մեկում եզդիերեն դասավանդող Գյուլփերի Թամոյանն իր հերթին նշեց, որ շատ քիչ է աղջիկների հաճախումը, մինչդեռ նրանք ծնող, մայր են դառնալու. նրանք են երեխաների կրթության պատասխանատուն։

«Սինջար եզդիների ազգային միավորման» ղեկավար Բորիս Մուրազիի տվյալներով` գյուղական համայնքներում եզդի աղջիկների գերակշիռ մասը 9-րդ դասարանից հետո չի հաճախում դպրոց. «Պետության դերը այս հարցում եւս պետք է խիստ լինի` սահմանելով որոշակի պատժամիջոցներ։

Կամ ընդհակառը` աջակցություն ցուցաբերվի նրանց, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, այլ ոչ թե տուգանքներ կիրառեն։ Ուզում եմ ասել, որ հետամնացությունը որեւէ ազգի համար նորմալ ավանդույթ չէ։ Նույնը վաղ ամուսնությունների պահով. 17 տարեկանից ցածր լինելու դեպքում դատարանի որոշում է պետք, սակայն շատ հաճախ ամուսնությունները լինում են, ու պետությունը որեւէ բան չի ձեռնարկում։ Այս օրենքը երիտասարդների կողմից մեծ աջակցություն ունի, ու մենք կողմ ենք օրենքի պարտադիր լինելուն»։

Արմավիրի մարզի դպրոցներից մեկի  ներառական դաստիարակ Զեմֆիրա Քալաշյանը նշեց նաեւ, որ նույն խնդիրը կա տղաների շրջանում` նրանք եւս կիսատ են թողնում ուսումը, քանի որ սոցիալական խնդիրներ կան. «Այստեղ ծնողի, դպրոցի դերը մեծ է»։