Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԼՈՐ ՍԵՂԱՆ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Տնտեսություն

Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը կազմակերպել էր «Հայաստանի բանկային համակարգը եւ ֆինանսական քաղաքականության հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան:

ՌԱՀՀԿ գիտական աշխատանքների ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով այսօր Հայաստանը կարծես ընթանում է ընդհանուր օրինաչափություններից եւ զարգացումներից շատ ավելի տարբեր ուղիով, ժամանակ առ ժամանակ ստիպված լինելով փոխել ոչ միայն տնտեսական քաղաքականության այս կամ այն բաղադրիչը, այլեւ վերափոխումների առանցքային նպատակները:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց զեկույց Հայաստանի բանկային համակարգի ներկա վիճակի, ձեռքբերումների եւ ոլորտի հիմնախնդիրների մասին: Կենտրոնական բանկի նախագահը առկա հիմնախնդիրներից առանձնացրեց միջազգային ներդրումների խթանումը, բանկային համակարգի կառավարման մակարդակի բարձրացումը, փողի լվացման եւ ֆինանսական տեռորիզմի դեմ պայքարը: Նա նշեց, որ դեռեւս բնակչության գերակշիռ մեծամասնությունը չի վստահում բանկերին: «Մյուս կողմից՝ շատերը հիմնականում մտածում են բանկերից վարկեր վերցնելու եւ չվերադարձնելու մասին: Հայաստանի Հանրապետությունում վարկային ներդրումները դեռեւս ռիսկային են», - ավելացրեց Տիգրան Սարգսյանը:

Հայաստանում բանկային համակարգի զարգացման խոչընդոտների հաղթահարման եւ ֆինանսական քաղաքականության մշակման նոր մոտեցումների կիրառման նպատակահարմարության վերաբերյալ բարեփոխման առաջարկներ ներկայացրին տեղական եւ արտերկրի առեւտրային բանկերի, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ: