Խիտ գրաֆիկի մեջ անգամ Երևանի համար միշտ ժամանակ գտնում եմ. Ռուբեն Ահարոնյան (տեսանյութ)

Հոբելյանական տոնակատարություններ նա չի սիրում: Ամենակարևորը նրա համար՝ լավ զգացողություն ունենալը և երաժշտությանը ծառայելն է:

Երևանյան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում վաղը Արամ Խաչատրյան համերգասրահը կհյուրընկալի անվանի ջութակահարին և իր ղեկավարած Բորոդինի անվան լարային քառյակին: Համերգը նվիրված է Ռուբեն Ահարոնյանին ծննդյան 70-ամյակին:

Լարային քառյակը համերգին կատարելու է Շոստակովիչի թիվ 6 կվարտետը, որն իրենց ղեկավարի ամենից շատ սիրված գործերից է: կատարելու են նաև հազվադեպ հնչող Հուգո Վոլֆի սերենադը և Շուբերտի կվարտետը: Համերգի երկրորդ բաժնում Ռուբեն Ահարոնյանը հանդես կգա որպես մենակատար՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

«Ես երբևէ չեմ կորցրել կապը Կոմիտասի անվան քառյակի հետ: Որդեգրել եմ այս քառյակի գեղարվեստական մոտեցումներն ու սկզբունքները»,- ասում է Ահարոնյանը:

Նրա համար Երևանը կա և մնում է սիրելի ու հարազատ քաղաք, ուր նա վերադառնում է ամեն տարի, եթե ոչ համերգով, ապա գոնե մի քանի օրով, ժամանակ գտնելով հյուրախաղերի և ձայնագրությունների իր խիտ գրաֆիկի արանքում: