Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չի բացառվում, որ տուլարեմիա հարուցիչը կրող տիզը եկած լինի Ադրբեջանից (տեսանյութ)

Քաղաքականություն
AJ-6

Տավուշի մարզում տուլարեմիայի համաճարակ չկա, հիվանդության կրկնվելու վտանգ չի լինի: «Միակ տարբերակը մնում էր, որ խոտհունձի ժամանակ խոտի միջոցով փոխանցվել է եւ 10 օրվա կտրվածքով օդափոշային ճանապարհով է տարածվել այս հիվանդությունը»,- այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկմանը զեկուցեց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը: Տուլարեմիան օջախային վարա­կիչ հիվանդություն է, որն ընթանում է ջերմությամբ, ավշային հանգույց­ների ախտահարմամբ, ընդհանուր ինտոքսիկացիայով:  Մարզի Արծվաբերդ համայնքում ավելի քան մեկ ամիս առաջ գրանցվել է տուլարեմիայով վարակի 8-10 դեպք: «Բոլորը բուժված են, ներկա պահին ընդամենը մեկ հիվանդ ունենք, որ ստացիոնար բուժում է ստանում: Հիվանդությունն ընթացել է միջին ու թեթեւ ծանրության: Ուղղակի ասեմ, որ տուլարեմիայն հատուկ վտանգավոր հիվանդություն է, սակայն այստեղ մենք միայն գործ ունեինք ակնաբորբոքայինի, խեցաբորբոքայինի հետ»,- վստահեցրեց Արտավազդ Վանյան: Ուսումնասիրվել են համայնքների ջրամատակարարումը, սնունդը, նկուղները եւ պարզել՝ կրծողների միջոցով հիվանդության փոխանցում չի եղել: Չի բացառվում, որ հարեւան երկրներից, ասենք՝ Ադրբեջանից եկած լինի տուլարեմիա հարուցիչը կրող տիզը, սակայն ԱՆ ներկայացուցիչն այս պարագայում որեւէ միտում չի տեսնում. «Նման դեպքեր լինելու ժամանակ մենք կունենանք մասսայական բռնկումներ. մեկ կամ երկու կրծողով հարցը չի լուծվում: Դա այդպես չէ, որ քաղաքականացված տարբերակով նայենք հիվանդությանը՝ ինչ-որ կրծող այնտեղից գա. կրծողը կարող է գա, կարող է հետ գնա: Եթե կա էպիզոցիա, այն վնաս է սահմանի այս կողմին էլ, այն կողմին էլ: Նույն Ադրբեջանն էլ է համարվում էնդեմիկ գոտի, ինչպես ՀՀ-ն. ՀՀ 95 տոկոսը տուլարեմիայի էնդեմիկ գոտի է համարվում»: «Էն ամբողջ գոտին, որ ՀՀ, Ադրբեջան, ԼՂՀ սահմանն է, միշտ կարող է դառնալ տուլարեմիայի օջախ, որտեղ կրծողները չեն ոչնչացվում, իրենք իրենց համար ազատ, անկախ ման են գալիս՝ կուզենան կգան ՀՀ, կուզենան կգնան Ադրբեջան: Այսինքն, սա պետք է լինի հսկողության առարկա»,- նկատեց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:     Շատ հաճախ բժիշկները տուլարեմիան՝ իր ախտանշաններով, շփոթում են անգինայի հետ: «Հասարակությունից հաճախ ենք լսում՝ կույրաղիքի փոխարեն այս օպերացիան արեցին, նրա փոխարեն՝ մեկ այլ բան արեցին: Հիմա նույն պատմությունն է՝ տուլարեմիայի փոխարեն անգինա են բուժել: Արդյոք ժամանակը չէ՞, որ առողջապահության համակարգում մենք մտածենք այդ ուղղությամբ, որ բժիշկն ունենա պատասխանատվություն»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը: «Մի շարք վարակիչ հիվանդություններ կան, որ չես կարողանում տարբերակել, միայն դա լաբորատոր ես կարողանում հաստատել»,- ի պատասխան ասաց Արտավազդ Վանյանը:  Արտավազդ Վանյանը հայտարարեց՝ որպեսզի հիվանդության ռիսկն ամբողջությամբ չեզոքացվի, մարզի Արծվաբերդի եւ հարակից մյուս համայնքների՝ 7 տարեկանից բարձր բնակիչները կպատվաստվեն: