Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսերենը պաշտոնականացնելու քողարկված փո՞րձ. քննարկում՝ ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
21768162_1939055822973497_6838682696544694242_n

ՀՀ կրթության և գիտության նախարարության մշակած ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը մեծ աղմուկ է բարձրացրել հանրային ու քաղաքական շրջանակներում: Նախաձեռնության հեղինակները ռուսերենի ուսուցման խորացման համար առանձին հայեցակարգի մշակումը հիմնավորում են լեզվի հանրայնացման, ռուսերենի ուսումնառությամբ աշակերտներին և ուսանողներին գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հնարավորությունների ընձեռնման, ինչպես նաեւ աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավման անհրաժեշտությամբ: «Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս: Արտադրության, գիտության, կրթության և մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաև համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր և անհրաժեշտություն», - ասված է Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի ամփոփ համառոտագրում: Նախաձեռնության ընդդիմախոսները վստահ են, որ նման հայեցակարգի ստեղծման համար չկա հանրային պահանջարկ և չի եղել հանրային քննարկում: Նրանց կարծիքով, ռուսաց լեզվի համար մյուս օտար լեզուներից առանձնացված հայեցակարգի մշակումը հիմնավորված չէ. այն «ոչ այլ ինչ է, քան աշխարհաքաղաքական որոշակի ուժային կենտրոնից ստացված հրահանգ»: Ընդդիմախոսները նաև վստահ են, որ այս «հայեցակարգը ռուսերենին պետական լեզվի գործառույթներ տալու և ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու համար ՀՀ օրենքների մեջ սողանցքներ ստեղծելու փորձ է»։ Հատկանշական է, որ նույն հայեցակարգում՝ որպես ռուսաց լեզվի դասավանդման խնդիրների լուծման առաջարկություն, նշվում է լեզվի ուսուցումն այս կամ այն առարկայական ոլորտում իրականացնելու հնարավորությունը (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն և այլն), այսինքն, ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ ռուսերեն դասավանդումը: Նախատեսվում է նաև ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների, ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում: Մինչդեռ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ռուսերենի դասավանդման հայեցակարգի շուրջ աղմուկը «քաղաքականացված է» համարում: Նրա խոսքով, առանձին հայեցակարգ է մշակվել այն պատճառով, որ ռուսերենը առանձին է մյուս օտար լեզուներից: «Ընդամենը տարբեր լեզվաընտանիքների պատկանելության հարցն է․ ոչ մի արտոնություն ռուսերենի համար չկա», - վստահեցնում է նախարարը: Հաշվի առնելով թեմայի հանրայնությունն ու հանրային տրամադրություններում առկա հակասական վերաբերմունքը, նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ առանձին հայեցակարգի մշակման համապատասխան հանձնարարական չլինելու վերաբերյալ, խիստ կարևորում ենք հարցի լուսաբանման և քննարկման լայն դաշտ ստեղծելու, մտահոգությունների պարզաբանման անհրաժեշտությունը։ Առկա մտահոգությունները ներկայացնելու, քննարկումների հնարավորինս լայն դաշտ ձևավորելու նպատակով «Հոդված 3» ակումբը սեպտեմբերի 28-ին ժանը 13:00-ին հրավիրում է հանրային քննարկում «Ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգ. ռուսերենը ՀՀ-ում պաշտոնականացնելու քողարկված փո՞րձ» թեմայով: Քննարկման բանախոսներն են. ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ, քաղաքական վերլուծաբան ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Հրավիրված է ներկայացուցիչ նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից