Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամության սահմանման նոր մոդելը ներկայացվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Պաշտոնական
photo

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով  ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոցելի խմբերի՝ մասնավորապես հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև  ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կիրառման ապահովումը Հայաստանում: Այնուհետև նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինտեգրված սոցիալական  համակարգի  ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել այդ համակարգում սոցիալական աշխատողի դերակատարության կարևորությունը: Արտեմ Ասատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է  հաշմանդամության ոլորտում իրականացվող հաշմանդամության սահմանման նոր մոդելին՝ ՖՄԴ-ին, որով  առողջապահական մոդելից անցում է կատարվում սոցիալական ներառմանը: Նախարարը կարևորել է նաև խոցելի խմբերի համայնքահեն ծառայությունների զարգացումը  և նշել, որ Սպիտակ քաղաքում արդեն գործում են  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  խնամքի փոքրիկ տներ, որտեղ այդ անձինք սոցիալապես ընտելանալու հնարավորություն են ստանում և «ընտանեկան» մթնոլորտում պատրաստվում են ինքնուրույն կյանք վարելուն: Դաինիուս Պուրասին շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումները մանրամասն ներկայացնելու համար՝ հատկապես կարևորելով  սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը  և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  խնամքի մեծ հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը՝ միաժա մանակ ողջունելով Սպիտակի  խնամքի տունը որպես լավագույն արդյունք:  Հանդիպման ավարտին պարոն Պուրասին հայտնել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կատարած այցերի արդյունքում իր դիտարկումները և առաջարկությունները կզետեղվեն  զեկույցում,  ինչը, ըստ նրա, օգտակար կլինի ոլորտում հետագա աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժին