Նախարարը Հյուսիս-հարավի շինարարներից գոհ չէ (տեսանյութ)

Հյուսիս- հարավ միջպետական ճանապարհի կառուցման համար ծախսվող գումարը կարող է գերազանցել 2 միլիարդ դոլարը: Այսօր իր գործունեության մեկ տարվա ամփոփման ժամանակ հայտարարեց Տրանպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա հույս հայտնեց, որ մասնավոր ընկերությունների կողմից ներդրումային ծրագրեր կիրականացվեն ճանապարհի որոշ հատվածների կառուցման համար։

Անդրադառնալով Հյուսիս- հարավի շինարարական աշխատանքներին՝ նա նշեց, որ ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի ձախակողմյան հատվածում արդեն իսկ տեղադրվել է շուրջ 11 կմ բետոնե ծածկ, ևս 15 կմ նախատեսվում է տեղադրել մինչև տարեվերջ:

«Հյուսիս-հարավ ավտոճանապարհը շատ կարևոր է Հայաստանի համար, այն հյուսիսը հարավին կապող բարձրակարգ ճանապարհ է լինելու։ Այդ բարձրակարգ ճանապարհն է նպաստելու նաև տուրիստական հոսքի և բեռնափոխադրումների աճին»,- ասաց նախարարը։

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Շեյն Ռոզենթալը օրեր առաջ հայտարարել էր, որ դեռ չկառուցված՝ Աշտարակ – Լանջիկ հատվածի շինարարության արժեքը կհասնի 3,5 միլիոն դոլարի: Նախարար Վահան Մարտիրոսյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց, որ Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է Հյուսիս-հարավի միայն մի մասի շինարարությունը. «Նախարարությունը և բանկը լավ համագործակցում են միմյանց հետ, ցանկացած ծրագիր քննարկվում է և՛ այստեղ, և՛ այնտեղ, դիտարկում ենք ծրագիրը իրենց տեսանկյունից և մեր տեսանկյունից: Ցանկացած ծրագիր պետք է լավ ուսումնասիրվի»:

Հարցին, թե այսօր շինարարություն կատարող ընկերություններից ո՞ր մեկից է նախարարն ավելի գոհ, նա պատասխանեց. «Անկեղծ ասեմ՝ ոչ մեկից»:

Նախարարը վստահեցրեց, որ կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել մայրուղու կառուցումը:

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ Տրանպորտի, կապի և տեղեկատվական տոխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է այս տարի հանրապետությունում ապահովել միասնական ավտոբուսային պարկ, որը հասանելի է լինելու բոլոր մարզերի համար և ապահովելու է միասնական տոմսի գաղափար։ Ծրագիրը նախ մարզերից մեկում պիլոտային սկզբունքով կիրականացվի։

Ինչ վերաբերում է Լարսին այլընտրանքային ճանապարհ կառուցելու վարչապետի հանձնարարականին, ապա Վահան Մարտիրոսյանը նշեց, որ հարևան պետությունների հետ մի քանի տարբերակներ արդեն քննարկվում են: