Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թթվածինն անգամ պակաս է դպրոցում». տնօրենը՝ դասադուլի մասին (տեսանյութ)

Հասարակություն
september

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի խնդիրները 10 տարվա վաղեմություն ունեն: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Գրիշա Գևորգյանը՝ անդրադառնալով այսօրվանից սկսած իրենց անժամկետ դասադուլին:  Նրա խոսքով՝ իրենց դպրոցը փոքր է եւ դպրոցի նորմալ աշխատանքի համար 9 դասարան՝ 180 աշակերտով, նորմալ է. «Սակայն, երբ հարեւան դպրոցը դարձավ ավագ, այնտեղի ցածր դասարանների աշակերտները եկան մեր դպրոց: Արդյունքում, ամեն տարի մեր դպրոցի աշակերտների թիվը 50-60-ով ավելացավ: Հիմա ունենք 21 դասարան՝ 601 աշակերտով: Ընդ որում, այն ժամանակ, եթե մեր դասարանների միջին խտությունը չէր անցնում 20-ից, հիմա դասարանների միջին խտությունը համարյա 30 է: Այս տարի բացել ենք երկու առաջին դասարան՝ 38-ական աշակերտներով՝ տեղ չլինելու պատճառով: Ոչ մեկ չի վիճում, որ վիճակն իսկապես օրհասական է ու այսպես շարունակել հնարավոր չէ, սակայն դեռ որեւէ քայլ չի ձեռնարկվել, թեեւ բաց նամակներ ենք ուղարկել նաեւ պատկան բոլոր մարմիններին»: Որպես ծայրահեղ քայլ՝ դպրոցի ծնողական խորհրդը որոշեց սկսել անժամկետ դասադուլ՝ պահանջելով դպրոցի հիմնանորոգում, տարրական դպրոցը անհապաղ տեղափոխել հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի ազատ մասնաշենքերից մեկը, որտեղ նախկինում փախստականներ էին ապրում: Գրիշա Գեւորգյանի խոսքով՝ իրենց ձայնը հասնելի եղավ միայն Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին. «Դպրոցի անձնակազմը եւ ծնողական խորհրդը որոշել էին բողոքի ակցիա անել սեպտեմբերի մեկին՝ դպրոցի դռները չբացել, սակայն մարզպետը օգոստոսի 31-ին դպրոց եկավ եւ խոստացավ զբաղվել խնդրով: Սակայն արդեն 26 օր անցել է, ու ոչ մի բան չի արվել»: Դպրոցի տնօրենի խոսքով՝ երեք հարկանի դպրոցում այս պահին ինչ հնարավոր է դարձրել են դասարան. «Անգամ մեր կաթսայատունը, որտեղ ֆրանսիական 5 հատ կաթսաներ են դրված, կտրել ենք ու մնացած մասը դասարան ենք դարձրել: Մի փոքրիկ դահլիճում ունեինք, կտրել ենք դիմացի կողմը ու նորից դարձրել ենք դասարան: Հիմա թթվածինն անգամ պակաս է դպրոցում, շարժվելու հնար չկա. դասամիջոցներին մտնեք դպրոց, կտեսնեք՝ ինչ է կատարվում: Մի խոսքով՝ խախտված են երեխաների՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը»: Գործնական, խելամիտ քայլ, առաջարկ, եթե արվի, ապա դպրոցի տնօրենը խոստանում է դադարեցնել գործադուլն ու վերսկսել դասերը: Այս պահին մարզպետարանի կրթության վարչության պետը եւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը գտնվում են հարակից ավագ դպրոցում, տեղում ուսումնասիրում են իրավիճակը եւ խոստացել են այցելել նաեւ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց: